Սրբուհի Լիսիցյանի հետքերով

Աջից՝ Նազելի Լիսիցյան, Սրբուհի Լիսիցյան, Էմմա Պետրոսյան

Օրեր առաջ Լիսիսցյանների ընտանիքի, հայր եւ դուստր /Ստեփան և Սրբուհի/ մասին զրույցը դարձավ հետազոտական աշխատանքի, Գեղարվեստի նոր նախագծի սկիզբ։

Գաղտնիք չէ այդ ազնվական ընտանիքի անգնահատելի գործը, ներդրումը հայոց գիտական, ազգագրության բնագավառում։

Ստեփան Լիսիսցյանի գործունեությանն առնչվել էի Թումանյանի կենսագրական էջերում՝ Հ․ Թումանյանի, Լևոն Շանթի հետ համատեղ հեղինակած «Լուսաբեր» մայրենիի դասագրքի, հետո՝ որպես «Հասկեր»-ի խմբագրի, վերջերս էլ ընթերցեցի նրա Լեռնային Ղարաբաղի հայերը գիտական, ազգագրական աշխատությունը։ Աշխատություն, որտեղ ազգագրագետն իր կազմակերպած գիտական արշավով ամբողջացրել է Ղարաբաղի աշխարհագրությունը՝ գյուղը և քաղաքը, բնակչությունը, հարևանների հետ հարաբերությունները, հավատալիքները, ընտանիքը, լեզուն և արվեստը, վարքը, կենցաղը, հագուկապը։

Սրբուհի Լիսիսցյանի հետ իմ առաջին հանդիպումը եղավ, երբ տարված էի Այսեդուրա Դունկանի/ Սերգեյ Եսենինի կինը/ գործունեությամբ, նրա մեթոդից օգտվելով տարրեր էի օգտագործում աշխատանքային գործունեությանս մեջ։ Հերթական որոնումը ինտերնետ հարթակում ինձ հանդիպեցրեց զարմանալի հայուհուն, ով ևս ոգևորվել է Դունկանից, և հենց նա է դարձել պատճառ, որ անցում կատարի պարի, թատրոնի աշխարհ։

Գաղտնիք չէ, որ մինչ օրս, թեկուզ հետմահու, Սրբուհի Լիսիցյանը չստացավ ակադեմիկոսի կոչում, նրա ստեղծած պարարվեստի ուսումնարանը չկոչվեց նրա անունով, և ոչ մի ոլորտ, որը նա զարդարեց իր հետազոտություններով, չստացավ պարային բանարվեստի հետազոտողի, բանահավաքի, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորողի, էթնոպարագիտության հիմնադրի անունը։

Պարային բանահյուսության վերաբերյալ նման հանրագիտարանային աշխատություն վստահաբար կարող ենք ասել, որ ոչ մի ժողովուրդ չունի: Եվ պատահական չէ, որ Սրբուհի Լիսիցյանին կոչում են «Հայկական պարարվեստի Կոմիտաս»։

Սրբուհին ուսանել է Մոսկվայում, Գերյեի կանանց բարձրագույն դասընթացներում, իսկ զուգահեռ պարապել է Օ. Է. Օզարովսկու Կենդանի խոսքի ստուդիայում եւ պլաստիկա սովորել Իննա Չեռնեցկայայի մոտ: 1917 թվականին Լիսիցյանը վերադարձել է ընտանիքի մոտ՝ Թիֆլիս: Այնտեղ նա բացել է Արտասանության, ռիթմի եւ պլաստիկայի ստուդիա, որը 1923 թվականին վերակազմավորվել է Վրաստանի Ժողկոմխորհին առընթեր Ռիթմի ինստիտուտ:

Սրբուհի Լիսիցյանին հանգիստ չէին թողնում տարբեր հանրապետություններում, հատկապես Կովկասում և Միջին Ասիայում բալետի զարգացման ուղու մասին մտքերը: Հնարավո՞ր է արդյոք արևելյան պարը վերարտադրել դասական բալետի լեզվով: Ազգային պարի պլաստիկային էլ, Սրբուհի Լիսիցյանը նվիրել է մի մեծ աշխատություն, որը դեռ պահպանվում է ձեռագիր տարբերակով: Ազգային բալետը պետք է լինի ազգային ոչ միայն երաժշտությամբ, այլև պլաստիկայով՝ սա է գրքի հիմնական բովանդակությունը:

Ժամանակին Սրբուհի Լիսիցյանը մշակեց մարզման մի ամբողջական համակարգ և կիրառեց այն Երևանի բալետի դպրոցում: Արդյունքը եղավ զարմանալի: Արևելյան մարզման դպրոցն անցած սաները բավական հեշտությամբ յուրացրեցին դասական բալետը:

«Եվրոպական էքսցենտրիզմին մենք ձգտում ենք միավորել արեւելյան կոնցենտրիզմը», գիտականորեն բացատրել է Լիսիցյանը՝ հավանաբար արեւմտյան փորձարարմանը հակադրելով ավանդությունների վրա հիմնված օրիենտալիզմը: Ստուդիայի երգացանկում ընդգրկված են եղել Արենսկու երաժշտությամբ «Օձահմայի պարը» «Եգիպտական գիշերներ» բալետից, Բարխուդարյանի երգերի հիման վրա ստեղծված «Արեւելյան պարը»ՙ արաբական «Ղազի» պարը: Ոգեւորված քննադատը նկարագրել է, թե ինչպես է «բեմով մեկ զրնգացել եւ պտտվել… թուխ, գրեթե մերկ, ձիգ մարմինըՙ մտնելով պարի անդառնալի եւ անծայրածիր ռիթմերի մեջ»: «Այս դպրոցն ուզում է պարել, մինչդեռ մեծամասնությունն ուզում է ակրոբատիկայով զբաղվել», հավանություն տալով հայտարարել է Նատալյա Տիանը, իսկ Նիկոլայ Պոզնյակովը դրվատել է Լիսիսցյանի եւ նրա աշակերտուհիների երաժշտականությունը: Գեղարվեստական թատրոնում ելույթից հետո Լիսիցյանը նամակ է ստացել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյից, որը գրել է. «Ձեր երեկոն եւս մեկ անգամ հաստատեց ռիթմիկական դաստիարակության անհրաժեշտությունը, բոլորս անկեղծորեն հիացանք ձեր սաների՝ մարմնին տիրապետելու ձեռքբերումներով, հրաշալի ռիթմականությամբ, լավ ճաշակով»: Թիֆլիսցի ոտաբոբիկները հմայեցին նաեւ արվեստի այնպիսի «գեղագետի», ինչպիսին Ստալինն էր: Վերջինս 1926 թվականի ամռանը Թիֆլիսում այցելելով Ռիթմիկայի ինստիտուտ՝ կարգադրել է տեղական իշխանություններին նրա ձեռքբերումները ներկայացնել արտասահմանում: Աշնանը Վրաստանի Ժողկոմխորհը Լիսիցյանին ամուսնու եւ երկու պարուհիների հետ գործուղել է Գերմանիա: Այնտեղ նա մնացել է երեք տարի, պարապմունքներ անցկացրել խորհրդային դեսպանատանը կից ստուդիայում եւ գերմանացի կոմունիստների «Rote Blusen» ստուդիայում. հետագայում տուն է վերադարձել մենակ, ամուսինը մնացել է Բեռլինում:

Տեղափոխվելով Երեւան՝ Սրբուհին հիմնել է պարարվեստի ուսումնարան եւ սկսել է զբաղվել գաղափարապես ընդունելի ազգագրությամբ: Ժողովրդական պարերը գրառելու համար նա ուսումնասիրել է շարժումը գրանցող մի քանի համակարգ եւ ստեղծել է իր սեփականը: 1940 թվականին Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռ. Վ. Զախարովի խմբագրությամբ լույս է տեսել նրա «Շարժման գրանցումը (կինետոգրաֆիա)» ծավալուն աշխատությունը, որտեղ հավաքվել են շարժումների գրառման բոլոր հնարավոր համակարգերը: Պարի գրառման հարմարության համար Լիսիցյանն այն բաժանել է դրվագ-կեցվածքների (որոնք անվանել է «մարմնական» կամ «կինետիկ ակորդներ») եւ դրանք միացնող շարժումների: «Մարմնական ակորդի» գրառումը կազմել է «կինետիկ տակտ», ավարտված շարժման գրանցումը, որ կազմված է մի շարք ակորդներից՝ «կինետոֆրազներից»: Երբ այս գրանցումը վերծանել է Լիսիցյանը, Մարիետա Շահինյանի գնահատությամբ, այդ խորհրդավոր նշանները «տեսանելի կերպով վերածվել են… Հայաստանի պատմության հնագույն ժամանակաշրջանի պարերի վառ շարժվող պատկերների»: Նրա գրառման համակարգը ճանաչում է ստացել նաեւ արտասահմանում:

1940-ականների սկզբին Լիսիցյանի քսանամյա որդի Ռոլանն իր օրագրում գրել է. «Մենք այնքան շատ ենք ծափահարում Ստալինին, որ շուտով մեր ափերի մեջ կոշտուկներ են առաջանալու», որի համար նրան ձերբակալել են եւ գնդակահարել: Իսկ Լիսիցյանից երես դարձրին: Նրա կազմած «Հայ ժողովրդի հնագույն պարերը եւ թատերական ներկայացումները» աշխատության առաջին հատորը լույս տեսավ Ստալինի մահից հետո, երկրորդը՝ 1972 թվականին:

Սրբուհի Լիսիցյանը խորասուզվեց ազգագրության, գիտական աշխատանքի մեջ։

Էմմա Պետրոսյանը Սրբուհի Լիսիցյանի գրասեղանի մոտ

Ինձ հաջողվեց գտնել նրա աշակերտուհուն՝ Էմմա Պետրոսյանին։

«Վասպուրական» անսամբլ, ղեկավար՝ Էմմա Պետրոսյան

Այցելեցի գիտնականի տուն, ով սիրով, իր ուշագրավ հուշերով ներկայացրեց թե՛ Սրբուհի Լիսիցյանին, թե՛ ազգագրությունը և թե՛ իր գործունեությունը։ Տիկին Էմման շատ ոգևորվեց կրթահամալիրի այս՝ ազգագրությանը, պարարվեստին, ծեսերին ուղղված նախաձեռնությամբ։ Փոխանցեց որոշակի արխիվային նյութեր և պատրաստ է հետագա համագործակցությանը, մնում է միայն Կովիդը նահանջի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.