Արատես. Խաչոց ձոր

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ճակատից քարե քրտիք է ծորում,
Ուսից կախվում են մամուռ ու մորի։

Նստել է ձորում՝ երկինքը դեմքին,


Ծանր նստել է և ամեն մեկին
Իրեն արժանի պատիվն է տալիս.
Վայրի աղավնուն՝ հաճարը վայրի,
Մոլորված ամպին իր քիվն է տալիս,
Խրտնած քարայծին՝ մութն իր քարայրի։
Հոգնած ճամփորդին պատիվ է անում,
Ցրտին՝ տաքության հոգեպահուստով,
Շոգին՝ ձյունահամ աղբյուրով անուշ
Եվ իր ստվերի լայն առագաստով։
Չի դավաճանում ոչ մի ժամանակ
Հյուրընկալության հինավուրց ոճին.
Ինչ ունի-չունի բաժանում է նա
Եվ չի պահանջում ոչ ոքից ոչինչ։
Նստել է ձորում նահապետորեն,
Իր մացառավոր հոնքերի վրա
Երամից պոկված փետրավոր մի ամպ։
Նայում եմ նրան
Ես արյունակցի երկյուղածությամբ,
Եվ քիչ է մնում իմ այտերն ի վար
Արցունքներ ծորեն…
Ամուր ծնոտից կուրծքն ի վար կախված
Ստվերը կարծես մորուք է մի սև…
Սատանան տանի, ինչ-որ հեռավոր
Նմանություն կա Խաչիպապ պապիս
Եվ այս հյուրընկալ քարափի միջև։

Համո Սահյան

3 thoughts on “Արատես. Խաչոց ձոր

  1. Ծանուցում՝ Գարնանային Արատես — Հայոց լեզու, գրականություն

  2. Ծանուցում՝ Ուսումնահայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին — Գրասենյակ

  3. Ծանուցում՝ Anahit Melkonyan "Mkhitar Sebastatsi" Educomplex

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.