Ուսումնական Գյումրի-Երևան․ Նոր փուլ

Փետրվարի 9-ին, աշխատանքային այցով, «Ուսումնական Գյումրի-Երևան» նախագծով Գյումրիում էինք։ Առաջին կանգառը տեղի ունեցավ մեր գործընկեր Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ պետք է քննարկեինք համագործակցային առաջիկա նախագծերը, գործընկերության զարգացումը։ 

Հանդիպմանը ներկա էինք դիզայնի, արվեստաբանության ամբիոնների ղեկավարները, ինչպես նաև ռեկտոր Վահագն Ղուկասյանը։

Քննարկման արդյունքում որոշեցինք, որ փետրվարին ակադեմիայի քանդակի դասախոս Ալբերտ Շաբոյանը կհամակարգի «Ձնե քանդակների փառատոնը» Արատեսում։ Մեր գործընկեր մասնագիտական հաստատությունը մի քանի ամբիոնով՝ քանդակի, դիզայնի, մետաղի մշակման, գեղանկարի կմիանա նաև Ներսես Շնորհալու հիշատակի, խնկարկման կրթահամալիրային միջոցառմանը։ Ուսանողները կրթահամալիրի արվեստանոցներում կստեղծեն թեմատիկ քանդակներ, կախազարդեր, կրծքազարդեր, շապիկներ, այլ…

Կարևոր համագործակցության զարգացում էր արվեստաբանության ամբիոնի հետ Ավագ դպրոցի հետազոտական նախագծերի համակարգումը։ Հետազոտական նախագծերով սովորողները կլինեն Գյումրիում, Գեղարվեստի ակադեմիայում և համապատասխան մասնագետների հետ կաշխատեն իրենց նյութերի վրա։ 

Դիզայնի ամբիոնի ուսանողներն ու ղեկավարն էլ դիպլոմային աշխատանքների մի կարևոր փուլ կիրականացնեն կրթահամալիրի կարի արհեստանոցում։ 

Քննարկումների ընթացքում նաև հնչեց Գյումրիում Արվեստի մասնագիտական կողմնորոշմամբ դպրոց ստեղծելու առաջարկը, որի համար անհրաժեշտ է կանգ չառնել և նախագծերով իսկ սկսել այդ աշխատանքը։

Ակադեմիայից հետո շարժվեցինք դեպի Հայորդաց տուն՝ Աստղիկ Եդիգարյան Բաբունցի մոտ։ Հայորդաց տան միջավայրը մարտ ամսից կարող է դառնալ «Ուսումնական Գյումրի» նախագծերի հարթակ գիշերակացի կազմակերպմամբ, դահլիճով, արվեստանոցներով։ Միասին առաջին համատեղ նախագիծը նվիրված կլինի Ներսես Շնորհալու հիշատակի 850-րդ տարելիցին։ Նախագիծը բացի երևանյան փուլից կկազմակերպվի-կիրականացվի նաև Գյումրիում,  կունենա իր տարածումը։

Հայորդաց տնից շարժվեցինք Գյումրու քաղաքապետարան, որտեղ մեզ սպասում էր քաղաքապետը՝ Վարդգես Սամսոնյանը։ Մեզ հետ էր նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը՝ Վահագնը Ղուկասյանը։ Կրթահամալիրի հիմնադիրը ներկայացրեց մեր «Ուսումնական Գյումրի-Երևան» նախագծի պատմությանը, այսօրվա զարգացումներին քաղաքապետը դրական  ողջունեց, հայտնեց պատրաստակամություն և աջակցություն։ 

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.