
«Լիսիցյանի հետքերով» հետազոտական նախագիծ-այցից հետո, որի առանցքում մեծն էթնոպարագետի սանի հետ հարցազրույցն էր, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցում առանձնացավ մի տող՝ Լիսիցյանական շաբաթ։ Նոյեմբերի 22-27-ը կրթահամալիրում այսուհետ կտոնվի այդ օրը, իսկ առավել հուզիչ է, երբ վերջապես մեծ ազգագրագետը, արվեստագետը իր ավանդի, իր ներդրումների համար կունենա իր անունը կրող հետազոտական, ազգագրական, ծիսական կենտրոն։ Նոյեմբերի 27-ին կրթահամալիրում կբացվի Սրբուհի Լիսիցյանի անունը կրող ծեսերի կենտրոն։Լիսիցյանի հետքերով նոյեմբերի 15-ին եղա Ազգագրության, հնագիտության ինստիտուտում, այնտեղ ինձ սպասում էր ազգագրագետ, պարերի հետազոտող, Հնագիտության, ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նարինե Շամամյանը։Մտա ինստիտուտ, քայլերս ուղղեցի Պարարվեստի բաժին և ինչ, ես այն սենյակում էի, որտեղ Արվեստի ինստիտուտից դուրս գալով մինչև իր կյանքի վերջին օրերը աշխատել է Սրբուհի Լիսիցյանը իր երկու աշակերտների հետ՝ Ժենյա Խաչատրյան և Էմմա Պետրոսյան։Սենյակում կային, շոշափելի էին միայն ձեռագրերը և պահարանը։ Նարինեի հետ զրույցում ցավով պարզեցի, որ ոչ միայն Լիսիցյանի անունը կրող, նրա ավանդը հանրայնացնող ոչ մի դպրոց, ինստիտուտ չկա, այլև նրա տունը, որ զարմուհին ջանացել էլ, որ վերածվի Հնագիտության, ազգագրության ինստիտուտին կից արխիվ-թանգարան, դա էլ երկար տարիներ է՝ չկա։ Եվ որ ամենացավալին է, նրա ժառանգությունը, իրերը, անտիպ էջերը ցաքուցրիվ են, ըստ Նարինեի նրա երկու աշակերտուհիների մոտ՝ Էմմա Պետրոսյանի և լուսահոգի Ժենյա Խաչատրյանի։ Նարինեն լիահույս է, որ Լիսիցյանի Բարեկենդանի ծեսը, որի մեքենագիր տարբերակը Էմմա Խաչատրյանի մոտ է , իսկ էսքիզները, լուսանկարները՝ ինստիտուտում, չի ուշանա և կտպագրվի։










Ավելին՝ տեսանյութում.