
Ահա Արցախում եմ եւ ինձ հարազատ արցախցիները գիտեն, զանգահարում են ու սպասում…Հանդիպեցի Նախշունին՝ արդեն չորրորդ որդին գրկին, քայլեցինք Ստեփանակերտով։ Հաջորդ օրն արդեն ինձ սպասում էին Ասկերանում, Համբարձումյանների տանը։Ժամը 12-ին Եվրոպա հյուրանոցի մոտ ինձ սպասում էր վարորդ Վասիլը իր մեքենայով եւ Մարիա Համբարձումյանը։ Ճանապարհը հեշտ չանցանք, մեր վարորդը վերջին պատերազմում կորցրել էր որդուն, իսկ զրույցը կնոջ երազների մասին էր, որ տղան ողջ է եւ սպասում է նրանց…շատ ծանր էր երթի ընթացքը…Հասանք Ասկերանի բերդին, խնդրեցի կանգնել, ուզեցի բարձրանալ, ինչ իմանաս՝9 այս խառը օրերում կլինի այլեւս նման առիթ…նայեցի բերդից, տեսագրեցի…սիրահարվեցի…Հաջորդ կանգառը Համբարձումյանների տունն էր։Երբ մոտեցանք, բակում նստած սպասում էին տանեցիները, բաբոն թախտին նստած, թոռները շուրջը…

Շեն տուն, որ մեր Ավետարանոցի հայրենակիցների համար, ովքեր ամիսներ շարունակ կրթահամալիրի կացարանում էին ապրում, կառուցվեց «Հոգատարություն» նախագծով, սեբաստացիների կրթական համայնքով։Համեղ արցախյան սեղանը ճաշի սպասում էր ինձ, ճաշեցինք, հուզիչ ու շնորհակալ խոսքով, իջանք այգի…Արցախյան նուռը, արքայանարինջը միանգամից հմայեց։ Տան ավագ որդին՝ Արենը, պատրաստ է այգին ընդարձակել, բարելավել…միայն թե հաստատուն խաղաղություն լինի։Գրկեցինք իրար,կրկին հանդիպման խոստումով։



