
Հունիսի 24
Ժամը՝ 13։00
Վայրը՝ ArtաՍահման արվեստանոց
Նպատակը՝ ճանաչողական, ծանոթություն ժամանակակից արվեստագետին, նրա արվեստին, գործունեությանը
5 րոպե ԱՐՎԵՍՏ. Վահրամ Գալստյան
Ktor Ktor (Կտոր-կտոր) / Pieces




Վահրամ Գալստյան
Ի՞նչ է իրադարձությունն որպես այդպիսին: Կավի համար, օրինակ, թրծվելն է, հողից խեցի դառնալու ընթացքը։ Եթե փորձենք ընդհանրացնել, կարող ենք ասել, որ իրադարձություն է այն դեպքը, որն արդեն իսկ տեղի է ունեցել՝ վերջերս կամ խոր անցյալում, բայց որի հետևանքները այսօր էլ շոշափելի են, տեսանելի ու լսելի։ Ուրեմն, իբրեւ անցք, իրադարձությունը գոյաբանական երկու հարթությունների՝ իրականի ու փաստականի միջև եղած կապն է։ Իրական հարթությունը գոյության երևութականությունն է՝ շրջելիությունը, փաստականը՝ դրա էականությունը, կյանքի անշրջելիությունը (հետեւաբար՝ անկրկնելիությունը)։ Այս ընդհանուր դրույթը ետ շրջելով կավի վրա կարող ենք ասել. եթե հողը կավի իրականությունն է՝ նրա երևութական գոյությունը, ապա խեցին նրա փաստականությունն է՝ նրա էական կյանքը։
Նազարեթ Կարոյան
Վահրամ Գալստյան
Կավի ճանապարհը. իրադարձություն ընդհանուր հարթության վրա։

Ի՞նչ է իրադրաձությունն որպես այդպիսին. կավի համար, օրինակ, թրծվելն է, հողից խեցի դառնալու ընթացքը։ Եթե փորձենք ընդհանրացնել, կարող ենք ասել, որ իրադարձություն է այն դեպքը,որն արդեն իսկ տեղի է ունեցել՝ վերջերս կամ խոր անցյալում, բայց որի հետեւանքները այսօր էլ շոշափելի են, տեսանելի ու լսելի։ Ուրեմն, իբրեւ անցք, իրադարձությունը գոյաբանական երկու հարթությունների՝ իրական ու փաստական միջեւ եղած կապն է։ Իրական հարթությունը գոյության երեւութականությունն է՝ շրջելիությունը, փաստականը՝ դրա էականությունը, կյանքի անշրջելիությունը( հետեւաբար՝ անկրկնելիությունը)։ Այս ընդհանուր դրույթը ետ շրջելով կավի վրա՝ կարող ենք ասել. եթե հողը կավի իրականությունն է՝ նրա երեւութական գոյությունը, ապա խեցին նրա փաստականությունն է՝ նրա էական կյանքը։
Վահրամ Գալստյանը իր, կարելի է ասել, կյանքի նախագծում կավի գոյության ու նրա կյանքի այս երկու հարթություններն է խաղարկում։ Կավի գոյություն, կավի կյանք. հարացուցային այս արտահայտությունները, իբրեւ դարձվածքներ, թվում է թե լեզվի զուտ շարահյուսական մակարդակներում են հնարավոր, իմաստաբանական առումով դրանք ոչինչ չասող խոսքի կրկնաբանություններ են։ Չէ՞ որ ոչ միայն փոխաբերական առումով, այլեւ՝ իրականում կավն ինքնին կյանք է։ Ի՞նչպես կարող է կյանքը կյանք ունենալ։ Բայց այս կրկնաբանության միջոցով, իրականում, փաստարկվում է կյանքի գոյությունը, որ կավն, իբրեւ նախանյութ, ամփոփում է իր մեջ։
Արվեստագետին հետաքրքրողը, հետեւաբար, հարաբերություններ են կավի իրական ու փաստական վիճակների միջեւ ։ Նա այդ հարաբերությունները բացահայտում է այնպիսի մի տեսանկյունից, որը թույլ կտար հաստատել կավի էական ու երեւութական կյանքը։ Կա կինոմատոգրաֆիական մի հնարք, որը Ռուսական կինոդպրոցի լեզվի բառարանում , որը կոչվում է իրադարձություն ընդհանուր հարթության վրա։ Խոսքը պատկերի ու ձայնի երկու տարբեր՝ հարթությունները միացնելու մասին է, որով ֆիլմի որեւէ ընդհանուր տեսարանը ու դրանից պոկված, բայց մոտիկից հնչող ձայնը, այսինքն տարածական առումով հեռավորն ու նյութական առումով մերձավորը ներգրավվում են մեկ միասնական ներկայացման մեջ։ Ընդհանուր հարթության վրա տեղի ունեցող այս իրադարձության ներկայացումը թույլ է տալիս, որ մեր զգայարանները մոտիկից առնչվեն մեզնից հեռու՝ աշխարհում տեղի ունեցողի հետ։
Հողի ու խեցու միասնական ուղերձը (ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոն սրան կասեր դիսկուրսիվ իրադարձություն), որ արվեստագետը փոխանցում է մեզ, ուրիշ ոչինչ չէ քան մի պարզ անդրադարձ կավի կառուցվածքային ու գործառնական առանձնահատկությանը. պլաստիկական արվեստի համար կավը ինքնի մի բան չէ, բայց մյուս կողմից՝ փաստական առումով կարող է լինել ամեն ինչ։ Ոչ միայն իբրեւ նախապատրաստություն, այլեւ իբրեւ պատրաստի ձեւ՝ ծավալ ու առարկա։ Մատնաչափ ծավալներից ու մինչեւ մարդու չափսերը նսմացնողները, ամենապարզ ծեփվածքներից մինչեւ ամենաբարդ ու կավի համար անպատկերացնելի կառուցվածքային տարրերն ու կազմավորումները (ծակոտկեն սպունգից մինչեւ կարծր մետաղ) գալիս են լուսաբանելու Գալստյանի պնդումը, որ կավի հետ նա կարող է անել այն ամենը ինչ իր մտքով անցնի։ Բայց միաժամանակ ոչինչ չի կարող անել, երբ իրադրաձությունը արդեն տեղի է ունեցել ու կավը դարձել է խեցի։ Միակ մտահոգությունը այսուհետ՝ խնամքն է՝ փխրունության ծնած հոգսը։ Հոգս, որ կաշկանդում խեցու «տիրոջը» ու նրան դարձում «սպասավոր»։
Կավի մասին ընդհանուր այս խոսքը տարածվում է նաեւ միջոցից այն կողմ՝ կերպավորման ու ներկայացուցչական հարթությունների վրա։ Եթե կավը ոչ միայն փոխաբերական, այլեւ ուղղակի իմաստով է կյանք, ապա, հակադարձորեն, կյանքն անհրաժեշտաբար անցնում է կավի անցած ճանապարհով՝ հողից դեպի խեցի։ Ու սա վերաբերում է դրա բոլոր դրսեւորումներին ու առանձին հատվածներին։ Կենսաբանական ու սոցիալական կյանքի ողջ բազմազանությունը կրկնում է կավի անցած ճանապարհը՝ անցնում է բրուտագործի քամիչով, հունցվում նրա ձեռքերում, հայտնվելով նրա պտտանիվի վրա ձերբազատվում է իր ամորֆությունից, ստանում իր ավարտուն ձեւը ու մտնում վառարան։ Այստեղ՝ այս վառարանում է տեղի ունենում իրադարձությունը, կավի անցումը հողային գոյությունից դեպի խեցու կյանք։ Իսկ կյանքի հետ ոչինչ չի կարելի անել։ Խեցին լոկ հողի անանց գոյության անհնարինության ու միաժամանակ անցավոր կյանքի պարզ վկայությունն է։
Բովանդակային հարթության վրա արվեստագետի թիրախում արդիության պատմությունն է՝ իր համընդհանրական գաղափարներով ու դրանց իրականացման այլասերումը ներկայացնող ամբողջատիրական ռեժիմներով։ Լարումներն ու ցնցումները (պայքարը հումքի ու սպառման նոր շուկաների համար ու գաղութային կայսրությունների ստեղծումը, ազգային ու կրոնական թշնամանք սերմանող գաղափարական ու քաղաքական մրցակցությունը եւ այլն), որոնք տեղի են ունենում արտադրական հարաբերությունների ու եղանակների փոփոխության, գիտա-տեխնիկական հեղափոխության ֆոնին (անցումը ձեռքի աշխատանքից ու մանուֆակտուրային արտադրությունից դեպի զանգվածային արդյունաբերականը) տրոհելով բազմացնում են կամքի ու առնականության հառնումները։ Սրանց ճգնաժամային կուտակումների հետեւանքները համաշխարհային պատերազներն են ու ցեղասպանությունները, համընդհանուր բռնությունն ու մշակութային-սոցիալական անցյալի ամբողջական ոչնչացումը։
Մարդկային յուրաքանչյուր սերնդի, յուրաքանչյուր մարդու կյանքն անկրկնելի է ու անշրջելի՝ անկախ ազգային-ռասայական կամ սեռային պատկանելիությունից։ Անկրկնելի է ինչպես խեցե անոթը, ու անշրջելի, երբ այդ անոթը փշրված է։ Անհետացման դառությունն ու կորստի թախիծը մեր մեջ առաջանում են, որպեսզի զորացնեն կյանքի հանդեպ մեր սերը ու բազմապատկեն դրա գոյությունը փառաբանելու մեր ձգտումը։ Վահրամ Գալստյանը՝ վերախաղարկելով հողից խեցի անցման այս ընդհանուր իրադարձությունը , պարզապես ցանկանում է մեզ հիշեցնել. գոյությունն իր արդարացման անհերքելի փաստարկն ունի՝ իմ եւ քո, մեր բոլորի կյանքը։
Նազարեթ Կարոյան

