Դպրոցն ինչպես եկեղեցի

Երբ աշխատանքը դառնում է կանոնապահ իր զարգացումներով, իր ժառանգականությամբ, երբ չես խզում կապը է՜ն՝ առաջինը դրված քարի հետ, երբ կազմակերպած գործունեության մեջ հայտնաբերում ես, գնում ավելի խորքը, գրանցում ցուցանիշներ, դուրս ես բերում մեթոդ՝ հիմնված քո փորձի վրա։ 

Պետք է պարզել՝ ի՞նչ է աշխատանքը քեզ համար, ի՞նչ է դպրոցը քեզ համար և ո՞րն է առաքելությունդ ու պատասխանատվությունդ։ Իհարկե, իմ մասնագիտական կրթությամբ ես մանկավարժ չեմ, բայց վստահ կարող եմ ասել՝ սխալ տեղում չեմ, քանի որ ինձ լավ եմ զգում և անկեղծ եմ աշխատանքում։ Եթե չլինի անկեղծությունը այս ոգեղեն աշխատանքում, չլինի հոգատարությունը, ապրումակցումը, դու հաստատ չես հաջողի, ուղղակի դուրս կմնաս։ Դպրոցն ինձ համար տան, եկեղեցու պես է. սրանք պարապ խոսքեր չեն։ Որպես հասարակ մի օրինակ՝ ներկայացնեմ առօրյայից մի դրվագ. կարող եմ ունենալ օրվա մեջ տրամադրության անկում, ինքս էլ չիմանամ՝ դեմքիս ինչ է դաջված, դե, մարդ ես, ու մեկ էլ հանկարծ պարզվի, որ ես այդ դեմքի պատկերով անհանգստացրել եմ գործընկերներիս, Ֆրանգյան Աննան կմոտենա ու կասի, բա թե՝ Քնար, ժպտա, աղջիկները կարծում են, որ ինչ-որ բան այնպես չէ։ Սա պարզ ներգործության մի դրվագ, էլ ո՞նց է հնարավոր անկեղծ չլինել ու չփոխանցել ազդեցություն։ Նույնը ուսումնական գործի, մանկավարժության մեջ ։ Համակված լինելով որևէ նախագծի ստեղծումով՝ դու դառնում ես ներգործող, տանում ես քո ետևից, փոխանցում ոգևորություն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ինչ ցանես, դա էլ կհնձես»։ 2020-ը, իր բերած բոլոր ողբերգական դրվագներով, հետևանքներով, հիասթափություններով հանդերձ, նաև ունեցավ և տվեց մանկավարժական գործի կազմակերպման նոր մարտահրավերներ։ Ուսումնական մեր միջավայրը մենք հետևողական և բարեխիղճ պատրաստեցինք, քանի որ հոգատար ենք և որևէ կերպ չենք կարող անպատասխանատու գտնվել համայնքի հանդեպ, իսկ համայնքը դա, իհարկե, գնահատում է։  Համավարակ, արտակարգ դրություն, առցանց ուսուցման կազմակերպում, ընտանեկան դպրոցներ, ուսումնական ամառ, պատերազմ, ռազմական դրություն և հոգատարության նախագծերով անդադրում գործող դպրոց։  Յուրաքանչյուր մեջբերման, յուրաքանչյուր շրջանի ուսումնական անդադար գործունեության հենքում մանկավարժության լաբորատորիան է՝ իր մշակումներով, դպրոցն իր մանկավարժական խորհրդով և հոգատար, ապրումակցային մանկավարժությունը։ Առաջին ուսումնական շրջանն ենք ամփոփում, բայց, ինչպես վերևում նշել եմ, չեմ կարող կտրել կապը, մանկավարժության զարգացումը, ժառանգականությունը մյուս շրջաններից, քանզի ընթացք է և  հաջողությունը առանց ընթացքի, առանց իր գործին սիրահար թիմի չի լինում։ Որպես ցուցանիշներ՝ պիտի ընդգծեմ հեղինակ ուսուցիչների ինքնավարությունը, մենթորական լաբորատորիայի բարեխիղճ աջակցությամբ։ Գաղափարները սաղմնավորվում են, երբ կա երկխոսություն, համագործակցություն, կուտակած գիտելիքներ, կուտակած և փոխանցվող հմտություններ, երբ կա չընդհատվող հետազոտական աշխատանք, մտածելու կարողություն, շարունակ հայտնաբերման ընթացք, երբ կա կերտվածք և բացառված է կեղծիքը, ձևականությունը։ Կյանքը, մեր իրականությունը չի կարող դուրս մնալ մանկավարժությունից,միշտ է այդպես կամ, գոնե, հեղինակային մանկավարժության պարագայում, էդպես կազմվում է մեր ուսումնական օրացույցը իր զարգացումներով, էդպես էլ իր տեղը գտավ «Հոգատարություն » նախագիծը։ Լինելով կրթական գործի կազմակերպիչ՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը, Գեղարվեստը, ես հետևողական եղանք, որ նախագիծը սաղմանվորվի ու ունենա իր շարունակությունը։ Կրթահամալիրի ուսումնական միջավայրը, Գեղարվեստը իր նոր գոյությամբ, համալրված արվեստանոցային գույքով չի կարող զարգացումը նախագծի ընդհատել, երբ դրա պատվիրատուն՝ համայնքը կա ու պատրաստ է նպաստել զարգացումներին։ Համավարակով պայմանավորված հակաբացիլ, բացօթյա միջավայրում, ամենօրյա պարապմունքներով ստեղծվեց Հոգատարությունը իր լաբորատորիայով,Ամանորի ծեսը՝ «Տանք Ավետիս» -ը որպես շարունակություն։ Ամանորի ծեսը իր լաբորատոր գործունեությամբ, ազգային հենքի վրա կառուցվեց։

Սա էլ իր ժառանագականությունն ունի՝ բովանդակային մասով։ Արդեն քանի տարի ուսումնասիրում ենք Ամանորի ծեսի՝ հայոց տարբեր շրջաններում կազմակերպումը, առանձնացնում երգեր, բարեմաղթանքներ, դրա տեխնոլոգիական մասը, հանդերձանքը և ամեն տարի նոր հայտնաբերումով քայլ ենք անում առաջ։ Մերժել ենք օտարածին դիմակահանդեսները, դիսնեյյան կերպարները, Նեթլիքսի հերոսներին, քանի որ դրանց ներկայությունը ընտանիքների առօրյայում բավականաչափ է։ Դպրոցը կփոխանցի այն, ինչը բացակայում է թե ՛ երեխայի, և թե՛ ընտանիքի կյանքում։ Տարիներ առաջ ծնողի մոտ հակադրություն առաջացրեց այս կազմակերպումը, սակայն հիմա ընդունելի է արդեն, պատվիարտուն սիրել է և անգամ իր ներկայությամբ, իր պատվերով ծեսի փորձերին ակտիվ մասնակից է։ Դեկտեմբերի 24-ին, 25-ին դպրոցի Ամանորի ծեսը կազմակերպեցինք լաբորատոր, արվեստանոցային աշխատանքով, որոնք ամփոփվեցին երգով, պարով, բարեմաղթանով։ Ոչ մի արհեստական, ոչ մի հատուկ բան։ Արվեստանոցները գործեցին՝Ամանորի տոնավաճառի ապրանքային նմուշների ստեղծմամբ, վերջին ապրանքային տեսքի աշխատանքներով։ Քանդակի, տեխնոլոգիայի թևում Ամանորի զարդարանքների, խաղալիքների պատրաստում, ազգային խաղի ստեղծում, հաստոցային գրաֆիկայի թևում գրաֆիկական նկարներ, խոհանոց-լաբորատորիայում՝ ծիսական թխուկներ, մարզադահլիճում, Արտասահմանում՝ ծիսական բարեմաղթանքներ, երգեր, բաց արվեստանոցում՝ պլեներ՝ տիեզերքն են ավլում չարքերից, տանիքներում Ձմեռ պապին սպասում։

Բոլոր նշված հարթակներում ծնողները ներգրավված էին, մասնակից, բովանդակության կրող։ Վաճառքի հասույթը արտադրությամբ ուսուցմամբ կշարունակվի նաև հունվարյան ճամբարում, իսկ հոգատարության նախագծին կգումարվի միջավայրի բարելավումը։ Հոգատար լինելը չի նշանակի միայն նյութական աջակցություն մեր զինվորին, մեր բնահան եղած հայրենակիցներին, իսկական ցուցանիշը այն կլինի, որ նրանք արժանապատիվ ապրեն։ Հետևաբար կրթահամալիրի  Գեղարվեստը, Սուրբ Երրորդություն եկեղեցուց կրթական պարտեզով անցումը պետք է առավելագույնս հարմար լինի մասնագիտական կրթություն ընտրած տարբեր աստիճանի հաշմանդամություն ձեռք բերած զինվոր-տղերքի համար։ Առհասարակ, քաղաքն իր բնակավայրերով պետք է այս հարցը օրակարգային դարձնի, հոգատար լինի։ Էսպիսի անցում կլինի. հոգատարության նոր նախագծեր 2021-ի համար։ Պետք է ապրել ու ապրեցնել, մանկավարժությունը նախ և առաջ, կամ միայն մարդասիրություն է… 

2019-20-ը կրթահամալիրի կյանքում բերեց նոր միջավայրային զարգացումներ, որոնք մանկավարժության կազմակերպման նոր կազմակերպում և հարթակներ ստեղծեցին։ Դրանք նոր արվեստանոց լաբորատորիաներն էին իրենց նախագծային հետաքրքիր հայտերով։  Գեղարվեստի АrtաՍահմանը իր նոր համալրումներով՝ խեցեգործական վառարանով, հաստոցային գրաֆիկայի արվեստանոցով անժամ էր գործում, առանց շաբաթ կիրակիի՝ սպասարկելով կրթահամալիրի բոլոր մասնաճյուղերին, անհատ արվեստագետների, ուսանողների, այլ․․: Երաժշտության լաբորատորիան իր գործուն հակաբացիլով որպես ստեղծումի, նախագծային հարթակ շարունակ զարգացող ծնունդներով, ընթացքով։

Դպրոցը դինամիկ և խիզախ փոփոխությունների ենթարկվեց՝  չվերցնելով իր վրա ո՛չ համավարակի և ո՛չ էլ պատերազմի բերած բացասականը։ Հակառակը՝ փոխանցեց միայն կյանք ու ստեղծականություն։ Այ, օրեր անց թևակոխում ենք 2021 թիվ, իսկ զարգացումները ՝ հենց միջավայրային, չեն կարող սեբաստացիական օրակարգ չլինել։ Հայացքում մեր թվային արվեստի, քանդակի, ոսկեգործական արվեստանոցի ձուլարանի ստեղծումն է, նոր գործիքներով համալրումը, նոր զարգացումների գրանցումը․ ամենատարբեր չափսերի ձուլվածքներ, բաց կրթական միջավայրի լրացում, համալրում։ Տանիքներն են, պարտիզպանի տնակը և ներառականության բարձր աստիճանը, որը կյանքով մեզ պարտադրվեց՝ ավելի հարմար անցումներ դեպի դպրոց, շենքից շենք, շենքում անցումներ, կաբինետից կաբինետ, հարկից հարկ։

Տանիքները կդառնան բաց արվեստանոցներ՝ հայացքով դեպի Արարատ, դեպի ամպեր, մարզական հարթակներ, դաշտեր իրենց անվտանգության բարձր աստիճանով, նոր լուծումներով, նոր նյութով՝ գործված ցանցային-ժանյակային շերտով, և բացի այդ Գեղարվեստը կունենա իր Ձեղնահարկը ամպերում։ Հազարաշեն կամ երդիկային լուծման համար այժմ փնտրում ենք նոր հայացքով այն մասնագետին, ով կկարողանա այս գաղափարները կյանքի կոչել։ 

Ձայնի՛ր, մասնագե՛տ…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.