
Մայիսի 7-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ 6 տարեկանների մուտքի ճամբարի երկրորդ փուլը. այս անգամ ֆիզիկական միջավայրում՝ Մուտք ընտանեկան դպրոց։ Սահմանված կարգով, պահպանելով պարետատան սահմանած անվտանգության նորմերը՝ մեր մասնակիցները հայտնվեցին ախտահանված միջավայրում։
Մինչ կանցնեինք նախապես հրապարակված օրակարգին, ճամբարականներին փոխանցվեցին դիմակներ, ձեռնոցներ, ապա անցանք ծրագրի իրականացմանը։ Ծանոթություն, շրջայց դպրոցով, հեղինակային մանկավարժության ներկայացում, կազմակերպման ներկայացում ֆիզիկական միջավայրում, հեծանվավարության և տեխնոլոգիայի պարապմունք։ Ավարտից հետո՝ քայլք Սարալանջով, կրթական պարտեզով, Մայր դպրոցով, վերգետնյայով Արևմտյան դպրոց, ապա Ագարակ։ Ծնողներից շատերի, նաև ապագա սեբաստացիների համար բարդ թվաց քայլքը, բայց որպես պարգև վայելեցին Ագարակն իր զով անդորրով։ Տեսնել էր պետք երեխաների ոգևորությունը, երբ ձի նստեցին, շփվեցին կենդանիների հետ, վազվզեցին ու ցնծացին։ Ճամբարի առաջին շրջանի ավարտին՝ արդյունքում՝ ունենք տասնմեկ սեբաստացի: Պատրաստվում ենք մյուս դիմորդների Մուտք ճամբարի հաջորդ շրջանի կազմակերպմանը։