Իրանական պոեզիա

 

MLOI0906

Ռասուլ Յունան

Խորքերում

Խորքերում ապրելն ապահով է,
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում,
բայց ոչ արևածագն են տեսնում,
ոչ էլ՝ նավերը:
Հիմա մի սիրուն ձի
մտնում է ծովը.
նրան էլ չեն տեսնի:
Այո, տխուր է խորքերում ապրելը:

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Շուկան և մարդկանց դիտումը
Այս լուսամուտի ետևից
Միայն քեզ հետ էր լավ
Միայն քեզ հետ էր լավ
Ունկնդրելը
Շրջիկ երաժիշտների երգը
Քեզանից հետո
Մենությունը մարմնավորվեց իմ մեջ
Մի ծխախոտ
Շուրթերիս անկյունը դրեց և
Ինձ ծխեց
Գարնան թաց երեկոներին…

ԶԲՈՍԱՅԳԻ

Ոչինչ չգիտեմ այս մետաղյա արձանի մասին

Զբոսայգու շախմատիստների ծիծաղի պատճառն էլ
Ամեն ինչ կարող է լինել

Զեփյուռը ըստ սովորության սահում է
Եվ ճառագելը
Մասնագիտությունն է արևի
Սակայն ծաղիկները
Ծլարձակեցին քո բույրի շարունակությամբ

ՀԱՑ ԵՎ ԼՈՒՅՍ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Հացը
Մեկնաբանում ես ձեռքերովդ
Ազատությունը
Քամու մեջ արձակված վարսերովդ
Երբ անցնում ես գիշերվա փողոցներով
Դռների ճեղքերից
Լույսը թափանցում է տների մեջ
Ուր որ դու լինես
Իմ երկիրն այնտեղ է

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Աղբյուրները նվագում են երաժշտություն
Թռչունները դայլայլում են
Արևը ճառագում և
Նապաստակները
Ցատկոտում են
Ես սակայն տխուր եմ…

Ցավում եմ ով սիրուն գարուն
Չեմ կարող քեզ սիրել
Նա այստեղից գնացել է

ՏՆԵՐ ՔԱՄՈՒ ՄԵՋ

Թե քո տան լուսամուտն էր բաց
Թե իմ տան լուսամուտը
Սակայն ինչ օգուտ
Չկարողացանք իրար տեսնել
Դեմ առ դեմ
Մնացինք մենակ
Ինչպես երկու ծառ դեղնության ու քամու մեջ
Մենք ներսից
Մեր լուսամուտները
Փակել էինք միմյանց դեմ

ԱՇՆԱՆ ԵՐԵԿՈ

Այս երեկոն
Որքան
Թախծոտ է
Ասես
Բոլոր գնացքներով և ավտոբուսներով
Դու հեռանում ես

ՃԱՆԱՊԱՐՀ ՏՈՒՆ ՎԵՐԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Երանի հացի նման լինեի
Ինչ գեղեցիկ է վերադառնում
Կրակի ճամփորդությունից

ԽԵՆԹԵՐԸ

Կյանքը մի քիչ խենթություն էր պահանջում
Բայց մենք շատ խենթացանք
Բոլոր կաՖեներից մեզ դուրս վռնդեցին
Շատ խենթացանք
Ամեն ինչ մոռացության մատնեցինք
Բացի ծիծաղից
Ամեն ինչի վրա ծիծաղեցինք և
Ծիծաղը մեր մասնագիտությունը դարձավ
Խենթ որ լինես
Դու էլ չծիծաղես
Վերքերդ կծիծաղեն
Իսկ հետո
Առագաստները բարձրացրինք
Հողե մի ծովում
Որպեսզի այստեղից հեռանանք
Բայց չկարողացանք
Փոթորիկ եղավ
Եվ մեր նավերը խորտակվեցին հողի մեջ…

ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՆՈՑ

Համարձակություն պետք չէ
Մի քիչ իմացություն է հարկավոր
Այնքան էլ դժվար չէ
Ակնոց վերցնելը
Մեռած մարդու աչքերից

ԳԼԽԱՐԿ…

Քո չլինելը
Միայն քո չլինելը չէ
Շատ բաների չլինելն է
գլխարկը չի մնում մեր գլխին
Բանաստեղծությունը հաճույք չի պատճառում
Փողը չի դիմանում մեր գրպաններում
Հացը անաղ է դարձել
Ջուրը կորցրել է պաղությունը
Մենք առանց քեզ աղկատացանք

ՎԵՐԱԴԱՐՁ

Երբ աքսորվեցիր
Շարունակ մտածիր վերադարձի մասին
Եթե անգամ նման բան գոյություն չունենա
Եթե անգամ
Վերադարձի համար
Այլևս որևէ գյուղ գոյություն չունենա

Եթե մտածես վերադարձի մասին
Ամպերը
Կհեռանան աչքերիդ հայելու առաջից
Եվ հույսը
Արևի նման
Կչորացնի շորերդ
Փշալարերի վրա

ՀՐԴԵՀ

Աշունը
Հրդեհեց այգիներն ու փողոցները
Սակայն ոչինչ չմոխրացավ:

ՈւՂԵՎՈՐԸ ՈՐ ՉՊԻՏԻ ԳԱՐ

Ոչ ոք
Չեր եկել նրան դիմավորելու
Հանեց գրպանի հայելին և
Ինքն իրեն ժպտաց հայելու մեջ
Հետո արտասվեց

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

Գիտեի
Այլևս այնտեղ չէի վերադառնալու
Վերջին լուսանկարներում ժպտացի
Դաշտը
Հանձնեցի աղբյուրներին
Ծովը
Հանձնեցի ամպերին
Իսկ նրան
Լուսնին և թթենուն
Որպեսզի մշտապես սիրուն ու քաղցր մնա
Հետո երազանքներս
Վերցրի ու եկա
Ինչպես նաև
Փոքրիկ աղվեսիս
Հենց այս աղվեսին
Որի պոչը դուրս է ցցվել
Բանաստեղծությանս միջից

ԾՈՎԱՓ

Երբ հասա այնտեղ
Դու նոր էիր հեռացել
Աթոռդ դեռևս օրորվում էր
Նստեցի քո աթոռին
Աթոռդ կրկին օրորվեց
Օրորվեց
Օրորվեց
Օրորվեց
Ինչպես մի օրորոց
Ես սուզվեցի խոր քնի մեջ
Ուր լիքն էր ձկներով նավերով ու աստղերով…

 

Շահաբ Մողառաբին

Երբեմն ժայռերն էլ են լալիս:
Չես տեսել դու,
երբեք էլ չես տեսնի, բայց
ժայռերն էլ են երբեմն լալիս:
Պատճառը չգիտես,
երբեք էլ չեմ ասի, բայց
լալիս են ժայռերը:
Ծովերը տարուբերում են վիշտը, բայց
ժայռերը,
չգիտես,
երբ լալիս են…
Երբ լալիս են…

ԾՈՎ

Պիտի ավելի շատ մտածեմ
երկինքների ու ջրի մասին…
Երազանքներումս
մի կապույտ ալիք մոտենում է
ու վերադառնում հեռուներ…
Այս ծովը պիտի լցվի,
ու ես՝ խաղաղվեմ…
Պիտի ավելի շատ մտածեմ կապույտի մաս

Ռեզա Քազեմի

Անժամանակ եկած ձմռանը
անսպասելիորեն հայտնված ամպերով,
դու պատուհանիս գարուն նվիրեցիր,
ու ձեռքերիս՝ լուսինը բարի։

Իսկ հիմա ու՞ր ես մնացել,
ինչու՞ չես գալիս, ասելու՝
֊ բարև,գարուն եմ բերել,
չե՞ս ցանկանում…

 

Գարուս Աբդոլմալեքյան

Մշուշի երգը

Գնացքի տոմսը պատռում եմ
ու եղնիկների վերջին խմբի հետ
տուն վերադառնում:

Այնքան պոետ եմ,
որ եղջույրներս բողբոջել են,
ու երգս
մշուշի պես անցնում է լճի վրայով…

Ամեն կրակոց
հրացանից պարպվող կատաղություն է –

Կուրծքս պատրաստել եմ,
որ դու ավելի բարի դառնաս:

Հոսեյն Փանահի

 

Մեկ բաժակ թեյով անգամ
կարելի է հարբել
եթե նա, ով պիտի լինի
կա…

 

Շամս Լանգեռուդի

ՍՊԱՍՈՒՄ
Այսօր
զուգվել եմ,
ասացիր կեսօրին կգաս
ու ես մոռացա հարցնեմ
ի՞մ ժամով, թե՞ քո
ու դու մոռացար ասել
վա՞ղը, թե՞ ուրիշ օր:

Ի՞նչ տարբերություն,
զուգվել եմ
օծվել ու սպասում եմ
այն հագուստով, որ դու ես հագցրել:

***
Ինչի մեջ էլ
որ մեղադրես ինձ,
սիրահարվելս
քո մեղքով է:

 

Նազանին Նեզամշահիդի

***
Հաց
ջուր
պատուհաններ արևկողմ
ու երբեմն հարսանիք.
աղքատիկ թաղերում
Աստված
ինչ պարզ է բացատրվում:

Ռասուլ Յունան

***
Երանի մեկը գա.
նա, ով գնալու պահին չի գնա:

Փուրիա Ալամի

***

Ինչպե՞ս է կարողանում
այդքա՜ն գեղեցկությունը
կրել այն կինը:

Ինչպե՞ս կկարողանամ…

Մի գիրկ ունեմ միայն,
այդքա՜ն գեղեցկությունը գրկելու համար
քանի՞ մարդ պիտի դառնամ:

 

_Մեհդի Աշրաֆի

***

Հագավ կոշիկները՝
չնկատելով,
որ սահման է դնում
արմատների և հողի միջև:

_Սառա Մոհամադի Առդեհալի

***

Բոլոր շորերս տակնուվրա արեցի-

Վերքերիցս մեկը
կորել է:

Ալիռեզա Ռոշան

Եթե չեմ խոսում


Ես հաշմանդամ եմ.
շուրթերդ ինձնից խլել են:

***
Ես տիղմ եմ —
ինձ տեսնելու համար
ծովի հատակը պիտի հասնես:

***
Չէ, սարագնաց չեմ.
դաշտս տեսնելու համար եմ
գագաթ բարձրանում:

***
Ստվերս,
որ հեռանում էր արևի գնալուն պես,
արդ,
իմ հեռացումից է գնացել:

***
Պիտի ինձ տուն տանեմ,
պիտի տանեմ երեսը լվանամ,
տանեմ՝ հանգստանա,
մխիթարեմ՝ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի…
Պիտի ինձ տանեմ, քնեցնեմ.
ես հոգնած է:

***
Իմ վիճակը
գիտի այն մոմը,
որը վառում են
այլ բան տեսնելու համար…

***
Ստվերս երկարել է.
լույսից
հեռանում եմ:

***
Մոդայից հոգնած
ես վերջին զգեստն եմ ուզում:

***
Փողոցում
մեկը սուլելով մոտենում է
սենյակիս պատուհանին։

Սենյակի խավարում,
աչքս՝ ծխախոտիս կրակին,
մտածում եմ նրա մասին,
ով կարծում է՝ միայնակ է։

Փողոցում
մեկը սուլելով հեռանում է
սենյակիս պատուհանից։

***
Քրիստոսին խաչ բաժին հանիր,
ինձ` թափառում…

ՄԻԱՅՆԱԿ ԶԲՈՍԱՆՔ

Թե ձեռքդ լիներ՝
ձեռքս
գրպանումս չէր լինի:

***
Դու, որ կորչել ես,
գիտես՝ որտեղ ես:
Դու մի՛ տեղ ես կորչել,
ես ամենուր պիտի փնտրեմ:

***
Երանի քեզ —
քեզ մոտ ես…

***
Դու բառերիս արանքի լռությունն ես —
ամեն չասածս
դու ես…

***
Թե սիրահարված լինեիր,
ես, ծառն օրինակ չէի բերի,
սարն ու ծովն էլ,
անգամ կինը…

Բայց դու սիրահարված չես,
և ես ստիպված եմ խոսել…

Թե սիրահարված լինեիր,
միասին
կլռեինք ու կսիրեինք.
ոչ կհարցնեիր,
ոչ կպատասխանեի։

***
Տեր իմ, ներիր,
հարևանի երեխու մահը պատրվակ դարձրի,
յարիցս բաժանման համար հեկեկացի:

***
Ոտքերը,
որ կարող էին յարիս մոտ տանել,
հիմա հացի հերթում
խճի հետ են խաղում:

***
Կարոտը ժխոր փողոց է,
որի մեջտեղում կանգնած
տեսնում ես՝ գալիս են,
տեսնում ես՝ գնում են,
իսկ դու շարունակ կանգնած ես:

***
Նա, ով նստած է
միշտ չէ, որ հոգնած է,
գուցե տեղ չունի գնալու…
Նա, ով նստած է
գուցե հոգնած է,
գուցե ամենուր փնտրել ու հոգնել է…
Նա, ով նստած է,
համոզված եմ՝
ինչ-որ մեկին կորցրել է…

***
Իմ հայրենիքում
ամեն գիրկ բացվում է
հրաժեշտի համար միայն:

***
Բաժակներից
կոտրվածի մասին ենք մտածում,
մարդկանցից՝
կորցրածի,
նրա, ում չենք ունեցել…
Միշտ էլ լավ է այն, ինչ չկա:
***
Կռուփը
խոցված
ու
դուռը դեռ փակ…

***
Թռչնից, որ թռավ
շարժվող շիվն է
մնացել
միայն:

***
Նրան, ով դեպի լույս է գնում,
մյուսները
մթար են տեսնում։

***
Իրար փտեցնում են
արկղի խնձորները՝
այս աշխարհի մարդիկ…

***
Միայն ջուր ես խնդրում,
բաժակը գալիս է
անխուսափելիորեն:

***
Մենք բանաստեղծում ենք:
Մենք,
որ չենք կարողանում ապրել,
բանաստեղծում ենք…***
Երանի ստացվեր մեռնել
քայլելու,
քնելու,
առևտուր անելու պես.
ուզել
ու
մեռնել…***
Կոպերը՝ գուցե,
բայց աչքերը
փակել չի ստացվի։

Թարգմ.` Էդիկ Պօղոսեան
Խմբ.` Տաթեւ Չախչախյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.