
Ես ու մյուս բորոտը՝ մենք, զգուշորեն սողացինք ընդհուպ մինչեւ պատը եւ նայեցինք պատն ի վեր: Գլուխը չէր երեւում պատի. բարձրանում էր՝ ուղիղ ու հարթ, եւ երկինքը կես էր անում կարծես: Եվ երկնքի մեր կեսը թունդ սեւ էր, իսկ հորիզոնին մոտ՝ մուգ կապույտ, այնպես որ կարելի չէր հասկանալ, թե սեւ երկիրը որտեղ է վերջանում եւ սկսվում երկինքը: Երկնքի ու երկրի արանքում սեղմված՝ շնչահեղձ էր լինում սեւ գիշերը, եւ խուլ ու ծանր տնքալով՝ ամեն շնչի հետ ընդերքից ծակող ու այրող ավազ էր դուրս թքում, ինչից մեր խոցերը տանջալի այրվում էին:
– Փորձենք մագլցել ու անցնել վրայով, – ասաց ինձ բորոտը, եւ նրա ձայնն իմի պես ռնգային էր, ու ժանտահոտ՝ իմի պես:
Եվ նա դեմ արեց թիկունքը, իսկ ես կանգնեցի մեջքին, բայց պատը, միեւնույն է, բարձր էր: Հաստ, կուշտ օձի նման պառկած՝ կիսում էր երկիրը՝ երկնքի պես. իջնում էր անդունդի մեջ, բարձրանում սարերը, իսկ գլուխն ու պոչը պահում էր հորիզոնից անդին:
– Դե, ուրեմն՝ քանդենք, – առաջարկեց բորոտը:
– Քանդենք, – համաձայնվեցի ես:
Մենք կրծքով խփվում էինք պատին, եւ պատը ներկվեց մեր վերքերի արյունով, բայց մնաց խուլ ու անշարժ: Եվ մենք վհատվեցինք:
– Սպանե՛ք մեզ: Սպանե՛ք մեզ,- հառաչում էինք մենք ու սողում, բայց ամենքը դեմքերը զզվանքով շրջում էին մեզնից, եւ մենք տեսնում էինք միայն նրանց խոր նողկանքից սարսռող թիկունքները:
…– Սպանե՛ք մեզ: Սպանե՛ք մեզ:
Բայց սարսռալով՝ մեզ թիկունք էին դարձնում, եւ ոչ ոք չէր ուզում մեզ սպանել: Սիրուններին եւ ուժեղներին սպանում էին, իսկ մեզ վախենում էին ձեռք տալ: Այ այդքան ստոր էին:
Մեզ համար ժամանակ գոյություն չուներ. ո՛չ երեկ կար, ո՛չ այսօր, ո՛չ էգուց: Գիշերը երբեք չէր ավարտվում, եւ չէր կորչում սարերի ետեւում, որպեսզի վերադառնա առողջ, հստակ-սեւ ու խաղաղ: Դրանից էլ միշտ այդպես հոգնած էր, շնչահեղձ ու մռայլ: Նաեւ՝ չար: Մեր խոցերը, մեր վիշտն ու չարությունը դարձել էին անտանելի եւ պատահեց, որ մեր նվնվոց-հառաչանքին գիշերը էլ չդիմացավ, եւ այդժամ նրա սեւ, խուլ բանող կուրծքը եռում էր մոլեգին: Գիտակցությունը մթագնած գերյալ գազանի պես մռնչում էր մեզ վրա, եւ ցասկոտ թարթում հրեղեն սոսկալի աչքերը, որոնք լուսավորում էին սեւ, անտակ անդունդները, մռայլ, հպարտ-անխռով պատն ու մի բուռ խղճուկ մարդկանց, որոնք պատին սեղմված, ինչպես կսեղմվեին ընկերոջը, խնդրում էին պաշտպանել իրենց, իսկ պատը միշտ մեր թշնամին էր, միշտ: Եվ մեր փոքրոգության ու վախկոտության վրա վրդովվում էր գիշերը, եւ գորշ բծավոր բոխախը ճոճելով՝ քրքջում էր ահեղ, եւ դիվային այդ քրքիջն արձագանքում էր հնամենի լերկ սարերում, իսկ զվարթացած մռայլ պատը սարերի թնդյունին երկրորդելով՝ մեզ վրա քարեր էր թափում չարաճճի, որոնք ծեծում էին մեր գլուխներն ու ջնջխում մարմինները մեր: Ահա այդպես էին զվարճանում այդ հսկաները, եւ ձայնածելով՝ քամին նրանց համար վայրագ մեղեդի էր սուլում, իսկ մենք, երեսնիվար պառկած, ահուդողով ականջ էինք դնում, թե ինչպես է վիթխարի մի բան ազատության տենչով երկրի ընդերքում շուռ ու մուռ գալիս եւ խուլ գռմռում: Այդժամ մենք աղերսում էինք.
– Սպանե՛ք մեզ:
Բայց ամեն վայրկյան մեռնելով՝ մենք անմահ էինք հանց աստվածներ☀️☀️☀️