Արդիական /կարդալու/ Ջեյմս Սոնդերս «Պատից այն կողմ»

Պատմիչ — Ժամանակին կար-չկար մի կղզի կար:Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ չէ, բայց այդ կղզում ապրում էր սովորական մի ժողովուրդ՝ ուրիշներից ոչ ավել, ոչ պակաս: Բոլորը կուշտ էին, բայց ոչ տռզած, եւ ամեն մեկն ուներ իր օրվա աշխատանքը (որն այն ժամանակ մեծ բարիք էր համարվում): Ծերունիներին, քանի դեռ նրանք չէին չարաշահում իրենց վիճակը, բարեխղճորեն խնամում էին, իսկ երիտասարդների անհատականությունն ամենուր պատշաճ հարգանք էր վայելում, իհարկե, ողջամտության սահմաններում: Ինչքան որ հիշում էին, այդպես էր եղել, եւ հույս կար, որ այդպես էլ կշարունակվի: Եվ թեեւ դժվար է ասել, թե այդ մարդիկ իսկապես երջանիկ էին,
բայց փաստը մնում էր փաստ, որ նրանք էապես դժբախտ էլ չէին: Ինչպես իրենք կասեին,երբ այդ մասին խոսք էր բացվում.


1 -Եթե իմ հայրն այս ամենը յոլա էր տանում, ուրեմն ես խոսելու տեղ չունեմ:
Հայրս հենց այդպես էլ ասում էր, եւ ես մնում էի նույն կարծիքին:
2- Հենց այդ է, որ կա: Բավարարվիր եղածով՝ ահա
իմ նշանաբանը:
3 — Մենք պետք է շնորհակալ լինենք, հիմա հո էն նեղ թվերից լա՜վ ենք ապրում:
4 — Բայց ոչ այնքան, ինչքան էն լավ թվերին:
5 — Չմոռանանք, որ մեր վիճակը կարող էր շատ ավելի լավ լինել: Պետք է դրա մասին
մտածել:
6 — Մեր վիճակն անկասկած կարող էր եւ ավելի լավ լինել:
5 — Ավելի վատ կարող է լինել միշտ:
7 — Բոլոր դեպքերում հիմա մենք ամբողջ օրն աշխատելու իրավունք ունենք:
8 — Եվ իրավունք ունենք չաշխատել շաբաթ եւ կիրակի օրերը:
9 — Վերջապես մենք կարող ենք մասնակցել ընտրություններին: Էն նեղ թվերին
այդպիսի բաներ չկային:
6 — Իսկ մենք լավ թվերին էլ ձայն չունեինք:
Պատմիչ — Վերջին հաշվով բոլորն էլ հանգիստ ու գոհ շարունակում էին յոլա գնալ:

Սակայն կար մի բան, որն իսկույն եւեթ առանձնացնում էր այդ կղզին ձեր պատկերացրած նման այլ կղզիներից: Դա մի պատ էր, որը կտրում-անցնում էր կղզին նրա լայնքով եւ գոյություն էր ունեցել այնքան ժամանակ, ինչքան որեւէ մեկը կարող էր հիշել եւ նույնիսկ ինչքան որ հիշել էր նրանց հիշածներից որեւէ մեկը: Փաստորեն միշտ, եթե դա կարող էր կարեւոր կամ հայտնի լինել: Կղզու բնակիչները դրան պարզապես «պատ» էին կոչում, եւ եթե երբեւէ այդ մասին խոսք էր բացվում, ապա ասում էին՝
1-Այս պատը միշտ եղել է եւ կլինի, այդպես է կարգը: Դա անհերքելի մի փաստ է, որի դեմ մենք ոչինչ անել չենք կարող:
2 -Կա-չկա էստեղ մի նպատակ կա: Ամեն բան իր նպատակն ունի, պատ լինի, թե պատերազմ: Էս պատն իզուր տեղը չի կանգնած:
8 -Կան բաներ, որոնք մեր հայեցողությունից վեր են: Վերի՜ն մի պատ,այսինքն՝ Պատճառ… Ինչ-որ մեկն այնտեղ` վերեւում, որը զբաղվում է այն ամենով՝ Երկնային Մեծն Որմնադի՜րը… Նա լավ գիտի, թե մեզ ինչ է պետք, թողեք իր գործն անի:
4 -Ի վերջո, երբ մտածում ես մեր՝ մարդկային խղճուկ էակներիս մասին, որ սողում ենք այստեղ`ներքեւում… Խոսքս խոնարհության մասին է՝ մենք չպետք է ընկնենք ինչ-որ վերին խորհրդի ետեւից…
5 — Որի մի մասն է կազմում այս պատը:
1- Եթե հայրս էս պատը յոլա էր տանում, ուրեմն ես էլ խոսելու տեղ չունեմ: Հայրս այդպես էր ասում, ու վե՛րջ: Հերի՛ք եղավ գլուխ տանեք:
Պատմիչ -Այսպիսով ամեն մեկը գնում էր իր գործին եւ ,ինչպես կարգն է, ամբողջ շաբաթ աշխատում, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին, ինչպես կարգն է, ըստ հայեցողության օգտագործում իր անձնական ժամանակը:
Ինչեւէ… Վերոհիշյալ պատը որոշակի կորություն ուներ եւ ճկվում էր այնպես, որ նրա երկու ծայրը միանգամից տեսնելն անհանար էր: Ո՞վ գիտե, թերեւս այն ծայրեր չուներ, որովհետեւ, եթե հավատանք ձկնորսների պատմածին, ապա պատը, ծովին հասնելով, շարունակվում եւ հեռվում նորից իրար էր միանում՝այսպիսով շրջափակելով կղզու կեսը… կամ մի փոքր ավելին: Պատը բարձր էր, ողորկ ու անառիկ, եւ որ ամենակարեւորն է՝ ոչ ոք չգիտեր, թե այն որտեղից եւ ինչպես է հայտնվել: Բնական է, որ այդ հարցի շուրջ տարբեր վարկածներ կային:
9 -Կասկած չկա, որ պատը կառուցվել է նեոպոլիստական դարաշրջանում ծառապաշտ նախամարդկանց կողմից եւ շրջափակել է նրանց երկրպագած հողի աստվածուհու սրբազան պուրակը:
1-Անվիճելի փաստ է, որ պատը պարզապես ուղենիշ է ծառայել Վեներայից ներխուժած ասպատակիչների համար: Բացի այդ, պատն անշուշտ պաշտպանել է նրանց տիեզերանավերը գիշատիչ բրոնտոզավրների հարձակումներից:
2-Այս պատը ոչ այն ինչ է, եթե ոչ հրաբխային ծագում ունեցող բնական մի ժայռակտոր, որը ժամանակի ընթացքում բոլորվին հարթվել է բնական գործոնների, մասնավորապես քամու եւ ջրի ազդեցությամբ:
8 -Այն պարզապես երեւակայության արդյունք է: Պատը սոսկ մեր մտքում է կանգնած: Եթե մենք նրա մասին չմտածենք, այն չի լինի:
Պատմիչ -Ոչ ոք չէր կարողանում հերքել այս վարկածը:
4 -Սպասեք, սպասեք… Երեկ ես մթության մեջ գլուխս հենց ձեր ասած պատին

խփեցի: Տեսեք` ո՜նց է ճակատս ուռել…
3 -Դա պսիխոսոմատիկ երեւույթ է: Դուք երեւակայել եք, թե պատը գոյություն ունի,
ուստի երբ հասել եք այն տեղին, ուր, ըստ Ձեզ, այն պիտի գտնվեր, բնականաբար բախվել եք նրան եւ երեւակայել, թե Ձեր ճակատն ուռել է….
4 -Բայց չէ՞ որ ճակատս հիմա էլ ցավում է….
3 -Դա ձեզ թվում է:
Պատմիչ –Եվ քանի որ ոչինչ չէր փոխվում դրանից, մարդիկ իսկապե՛ս էին բախվում
այդ պատին, թե դա նրանց պարզապես թվում էր, կղզեկիցներն աշխատում էին դրանից խուսափել: Բոլորը՝ բացի մեկից: Այդ թշվառականն այն աստիճան վստահ էր, թե պատը երեւակայական է, որ թափ առնելով ցատկել էր ուղիղ այդ եղած-չեղած պատի վրայով… ջարդուփշուր եղել: Կամ գուցե այդպես էր թվում:
5 -Ներեցեք… Բարեւ Ձեզ: Ես վիճակագրական վարչությունից եմ: Ի՞նչ եք կարծում, պատից այն կողմ ինչ կա:
6 -Ես հրաժարվում եմ այդ մասին խոսել: Այս կողմն այքան գարշելի բաներ կան, որ այն կողմի մասին մտածել անգամ չարժե:
7-Այն կողմը սքանչելի պտւղներով լեցուն չքնա՜ղ պարտեզի պես է: Այնտեղ ուլիկներ կան ու տեսակ-տեսակ ծաղիկներ, եւ ոչ ոք չի ստիպում շորեր հագնել:
8 –Չգիտեմ` ոնց ասեմ… Էնտեղ ոնց որ, ըըը… Ոնց ասեմ, դե ոնց որ… Ախր ոնց ասեմ…. 9 -Բան չկա:
5-Բան չկա՞:
9 -Այո, պատի մոտ ամեն ինչ
վերջանում է՝ դրանից հետո բան չկա:
1-Այստեղ հինգերորդ չափումն է:
2-Եթերային թրթիռների դաշտ է:
3-Այսինքն` պատից այն կողմ մեր ճանաչած տարածաժամանակային օրինաչափություններն այլեւս կիրառելի չեն, լինի դա հինգերորդ չափում,եթերային թրթիռ կամ ինչ զահրումար ուզենաք….
1-Այլ կերպ ասած՝ այնքանով, որքանով դա մեզ կարող է վերաբերվել, հիմք կա պնդելու, որ այնտեղ ոչինչ չկա, եթե «այնտեղ» բառն այստեղ կիրառելի է մի տեղի համար, որը գոյություն չունի եւ որի մասին, հետեւաբար, հնարաոր չէ ասել, թե այն «այստե՞ղ» է, թե՞ «այստեղ»… Ինչ վերաբերում է այն բանին, թե ի՞նչը գոյություն չունի ….
3-Ես կասեի, որ դա մաթեմատիկական կետի պես մի բան է… 9 -Ասացի, չէ՞, որ բան չկա:
2 -Չգիտեմ:
3 -Ինչ իմանամ:

4 -Եսիմ:
6 -Հեչ վեջս չի:
Պատիչ -Մի խոսքով այդ պատը կար: Կամ չկար: Ավելի շատ կար, բայց մի ուրիշ
ձեւով, կամ վերջապես թվում էր, թե կար:
1-Մա՜մ:
2 -Հը՞:
1-Պատից այն կողմ ի՞նչ կա:
2 -Մի էս փսլնքոտին տես՝ ինչե՜ր է ասում: Ես քեզ ցույց կտամ՝ ինչ կա: Հապա մի
սպասիր հորդ ասեմ… 3 -Պա՜պ:
4 -Ի՞նչ կա, բալիկ ջան:
3 -Պատից այն կողմ ի՞նչ կա:
4 -Գնա դասատուիդ հարցրու, էլ ինչի՞ եմ քեզ դպրոց տվել, որ ինքս սովորեցնեմ:
3 -Դասատուիս հարցրել եմ:
4 -Հետո՞:
3 -Ասաց՝գնա դասերդ սերտիր:
4 -Դե ուրեմն նստիր ու դասերդ սերտիր:
3 -Ախր պատից այն կողմ ի՞նչ…..
4 -Զահլա մի տար: Ասացի՝ դասդ սովորիր:
3 -Դասերս սովորել եմ:
4-Ուրեմն՝ մի ուրիշ բանով զբաղվիր, չե՞ս տեսնում` կինո եմ նայում:
Պատմիչ -Այն ժամանակ կարծեմ կինո դեռ չկար… Մի խոսքով այն, ինչը նայում էին
կինոյի փոխարեն:
4-Չե՞ս տեսնում՝ ոսկե ձկնիկ եմ բազմացնում:
5 -Չե՞ս տեսնում՝ շալվարիս մեջ առնետ է ընկել:
6 -Չե՞ս տեսնում՝ անիվ եմ հորինում:
7 -Քյուֆթա եմ ծեծում:
8 -Երեխա եմ լողացնում:
9 -Գուլպա կարկատում:
4- Մորս նկարը` շրջանակում:
5 -Սոնետ գրում:
6 -Ժառանգություն ստանում:
7-Գլուխս էս ռելսերի արանքից հանում:
8 -Կատու թաղում…
Պատմիչ-Եվ այսպես շարունակ: Այսպիսով՝ ընդհանուր առմամբ, ի մի
բերելով,առանց երկարացնելու, մի խոսքով, կարճ ասած՝ կարելի է ասել, որ նրանք պատն անտեսում էին:
1-Ձեւացնում էին, թե գոյություն չունի:
Պատմիչ -Հը՜մ, ո՛չ…Նրանք այդ չէին կարող անել, որովհետեւ պատը գոյություն ուներ: Բոլորը պարզապես… անտեսում էին այն, ինչպես, օրինակ, ճաշկերույթի հրավիրվածները կանտեսեին մի անկոչ հյուրի, որին ոչ ոք չի ճանաչում եւ չի կանչել, որն անպատշաճ տեսք ունի եւ որի գրպանից դանակի կոթ է դուրս ցցված: Բոլորը՝ բացի

մեկից…
3-Ծիծաղելի է:
2-Ի՞նչը:
8 -Չէ, պարզապես տխմարություն է: Ուղղակի հավատալս չի գալիս: Զավե՜շտ,
զավե՜շտ: Մի ահռելի պատ մեր շուրջը, բոլորիս աչքի առաջ, եւ մենք նույնիսկ չգիտենք էլ, թե ինչի համար է, եւ, ինչպես երեւում է, ոչ ոքի վեջն էլ չէ:
2 -Դա մեզ՝ հասարակ մահկանացուներիս, չի վերաբերում…
8 -Այո, բայց ինչո՞ւ:
2 -Որովհետեւ մենք հասարակ մահկանացուներ ենք:
3 -Ես հասարակ մահկանացու չեմ, ես բանական մարդկային էակ եմ: 5 -Գիտե՞ք, մենք ամեն բան չէ, որ պիտի հասկանանք:
3 -Ինչո՞ւ, ախր ո՞վ ասաց:
6 -Պատից այս կողմ դեռ այնքան անելիք կա, որ այն կողմի մասին լավ է չմտածել:
7 -Այ մա՜րդ, գործդ արա՝ նստի տեղդ: Պատի մասին մտածելով փորդ հո չի՞ կշտանա: 8 -Մի զբաղմունք գտեք, մի քիչ ցրվեք, սպորտով պարապեք վերջապես:
4 -Գլուխս տարավ էդ պատով՝ գիշեր-ցերեկ՝ պատ հա պատ, ոնց որ էլ ուրիշ բան
չմնաց:
2 -Արի ինձ լսիր՝ պատը հանգիստ թող, ինքդ էլ մի քիչ հանգստացիր, այդպես հո
չեղա՞վ….
1-Հայրդ որ իր տգիտությամբ յոլա էր գնում, տո դո՞ւ ինչով ես ավել: 4 -Ի վերջո քեզ ո՞ւմ տեղ ես դրել՝ Աստվա՜ծ ես, ինչ ես:
3 -Ես ուզում եմ իմանալ, թե այն կողմում 5 -Հաջորդը… Ի՞նչ գանգատ ունեք:
3 -Ես մի խնդիրք ունեմ, բժիշկ:
5 -Ի՞նչ խնդիրք: Լեզուն հանեք:
ինչ կա:
3 -Թնթիրթս փասի մաթին է:
5 -Ինչ, ի՞նչ, լեզուն ներս քաշեք:
3 -Խնդիրքս պատի մասին է: Ես ընդամենը….
5 -Աղիները լա՞վ են գործում:
8 -Այո, գոհ եմ: Ես ընդամենը ուզում եմ իմանալ, թե այն կողմում ինչ կա, եւ դա ինձ
բավական համոզիչ է թվում, միայն թե…
5 -Իսկ քունն ինչպես է, լավ նանիկ անո՞ւմ եք:
3 -Ոչ, այսինքն, այո, միայն թե երազում միշտ պատն եմ տեսնում, բայց դա ուրիշ ոչ
ոքի չի հուզում, միայն ես եմ, այնպես….
5 -Իսկ սեռական կյա՞նքը, ամեն ինչ կարգի՞ն է:
8 -Շնորհակալ եմ… Այնպես որ ես մտածեցի գուցե ինձ մի բա՞ն է պատահել, իսկ եթե
ոչ, ուրեմն….
5 -Ախորժակը չի՛ թուլացել, ուտելիքի հետ ո՞նց եք:
3 -Ուտո՛ւմ եմ, ուտո՜ւմ եմ: Ուրեմն՝ փաստորեն մնացած բոլորին է մի բան պատահել:
Եվ այդ միտքն արդեն…
5 -Ոտքերը հո չե՞ն ցավում:
3 -Լավ են… Արդեն հետապնդում է ինձ: Ուզում եմ ասել, չի կարելի, չ՞է, այդպիսի մի

բան հենց այնպես անտեսել, վերջին հաշվով ես հասարակ մահկանացու չեմ, ես բանական մարդկային էակ եմ, եւ դա կարող է շատ կարեւոր լինել, վերջապես ի՞նչ եք ուզում ինձնից, հանգի՛ստ թողեք ինձ, թողե՛ք, չե՛մ ուզում…
5 -Իսկ որեւէ նյարդացավ, գլխացավ, հոդացավ չունե՞ք, շնչարգելություն, սրտխառնոց, բնածին տխմարություն, թութքեր, միզացավ, գլխապտույտ…
3 -Գլուխս պը –տըտ-վում է:
5 -Իսկ մազերը չե՞ն թափվում, հյուծվածություն, ճարպակալում չունե՞ք, գերհոգնածություն, երեւի շա՞տ եք ծխում կամ զառանցում, խմիչքը չե՞ք չարաշահում, բղկոցներ չունե՞ք, կարդացեք, խնդրե՛մ, վերեւի տողը, երեւի շատ եք մտահոգված աշխատանքի հարցով, ընտանիքի, արձակուրդն անցկացնելու տեղի, գուցե քաղաքական իրավիճակի կամ ֆունտ-ստեռլինգի կուրսի մարսին, պատճառը երեւի ձեր ծեր մա՜այրն է, երեխաները, երեխաները ձեր հոգին հանեցին, լավ չեն սովորում, խմում են, թմրամոլ դառան, ճարպակալել են, հյուծվում են, այդպես չէ՞… Բողոք ունե՞ք վերջապես:
3 -Այո:
5 -Եկեղեցի մտա՞ք:
3 -Այո, բայց այնտեղ էլ չգիտեին:
5 -Ի՞նչ չգիտեին: Այնտեղ պարտավոր չեն գիտենալ, այնտեղ մխիթարություն են
տալիս: Հոգեբույժի այցելե՞լ եք:
3 -Նա ասաց, որ պատճառն իմ մայրն է:
5 -Դե էլ ի՜նչ եք ուզում: Ահա դեղատոմսը: Կընդունեք քիչ-քիչ, օրական չորս անգամ,
եթե ավելանա, կքսեք կրծքին: Կամ ձեր մոր կրծքին, ըստ հայեցողության:
3 -Բայց, բժիշկ, ախր այս ի՞նչ է կատարվում ինձ հետ:
5 -Դուք խենթ եք, ցնդած: Հեռացեք, դրսում արդեն հերթ է գոյացել:
Պատմիչ -Եվ այդ ցնդածը դուրս գնաց՝ իր հետ տանելով իր մտամոլորությունը, իսկ
բժիշկը, թեթեւացած շունչ քաշելով, զբաղվեց հաջորդ հիվանդով՝ պա՜րզ ու հաճելի պատահար. նա վնասել էր բութ մատը կոշտ հողի մեջ լոբի ցանելիս:
5 -Հանեք ձեր բութ մատը, աղիները գործո՞ւմ են, իսկ քո՞ւնը, լավ նանիկ անո՞ւմ եք….
3 -Ես կհիմնեմ պատն ուսումնասիրող ընկերություն՝ Պատի Հետազոտությունները Պարզելու Համար Այն Կողմն Ինչ Կա: ՊատհետՊարամԱԿԻԿ: Տպավորիչ հապավում է, չէ՞, բոլորն ընդունվելու համար հերթ կկանգնեն, եւ մենք վերջապես մի բանի կհասնենք:
Պատմիչ-Բայց հերթեր չգոյացան: Որոշ ժամանակ անց նա ցրեց իր ընկերությունը, նրա բոլոր անդամների, այսինքն՝ հենց իր, միաձայն համաձայնությամբ: Այնուհանդերձ նա չհանձնվեց:
3- Դե լավ: Ես գիտեմ` ինչ եմ անում: Ինչ ուզում է լինի, բայց ես կպարզեմ, թե պատից այն կողմ ինչ կա, թեկուզ կյանքիս գնով:
Պատմիչ- Եվ հաջորդ երեսուն թե քառասուն տարին նա ամբողջովին նվիրեց պատին: Նա անթիվ գրքեր կարդաց, խրատի գնաց իմաստունների մոտ, չափումներ արեց, գծագրեր գծեց, մշակեց մի քանի տեսություն, ուսումնասիրեց պատմություն, կենսաբանություն, աստվածաբանություն, հոգեբանւթյուն, աստղագիտություն, մտածեց, խորհեց, մտմտաց, խորհրդածեց, յոգա պարապեց… Իհարկե, նա կորցրեց իր բոլոր բարեկամներին:
6-Չէ, չէ, ի՜նչ եք ասում, մի հրավիրեք նրան, նա իր այդ պատով բոլորիս գլուխը

կտանի:
Պատմիչ-Կինը լքեց նրան:
4 -Պա՜տ հա պատ, ամբողջ օրը պատ, ինչքան կարելի է, հոգիս հանեցիր: Սիրտս խառնում է քո այդ պատից էլ, քեզանից էլ: Ես գնում եմ հերանցս տուն:
Պատմիչ -Եվ գնաց… Նրա զավակները թոկից փախան: 7-Էս գիշեր ի՜նչ անենք:
8 -Մտքիս կար մի երկու հոգու մռութը ջարդել:
7-Երեկ բա ի՞նչ էինք անում:
Պատմիչ- Մինչեւ որ արդեն ծերացած, միայնակ ու անփող, նա վերջապես հասավ վճռական գործելակերպի գաղափարներին եւ ստեղծեց իր մեծագույն հայտնագործությունը՝ բաբանի պես մի բան, որն այն ժամանակ մեծ նորույթ էր եւ որը կարող էր որեւէ առարկա կամ մարդու նետել հսկայական բարձրությամբ: Նա այդ բաբանը փորձարկեց մի ժայռաբեկորով, որը իսկույն եւեթ անհետացավ կապույտ երկնքոում, եւ մի օր էլ, շրջապատված բազմաթիվ բերանբացների ամբոխով, տեղավորեց իր ծեր,վտիտ ու խորշոմած մարմինը ժայռաբեկորի տեղում:
3 -Լարեք ձգանը:
Պատմիչ- Նրանք լարեցին:
8 -Երբ ասեմ «երեք», պարանը քաշեք: Մեկ… Երկու… Երեք…
Պատմիչ -Նրանք քաշեցին, ուրախանալով, որ գլուխներն ազատում են այդ ցնդածից,
այդ քայքայիչ ազդեցության զոհից, որպեսզի հանգիստ զբաղվեն իրեց լոբին ցանելով ու ձկները բազմացնելով:
9 –Տես, ո՜նց էլ թռչում է՜…
1 -Փեշերն էլ քամուց ֆռֆռո՜ւմ են…
2 -Բա քաչա՜լը, քաչալը ոնց է արեւից պսպղում…
4 -Սրան ի՜նչ հրավառություն կհասնի….
Պատմիչ -Նա թռչում էր վեր, ավելի ու ավելի վեր, մինչեւ որ, ներքեւ նայելով, ըստ երեւույթին տեսավ այդ գեղեցիկ արեւոտ օրվա ամբողջ հմայքը, երկրի ու ծովի ամբողջ տարածքը, տեսավ ներքեւում վխտացող մարդուկներին եւ անսահման հեռուն: Եվ այդ ամենը բարի էր…
3 -Ես ճախրո՜ւմ եմ, ես վերեւո՜ւմ եմ: Ես տեսնո՜ւմ եմ, տեսնո՜ւմ եմ այն կողմը, այնտեղ… այնտեղ մի… ա՜ա՜հ….
Պատմիչ -Կաթված՝ պետք է ենթադրել: Համենայն դեպս նա արդեն չափից ավելին բարձր ու հեռու էր, որպեսզի ներքեւում
մնացածները լսեին նրան: Եվ մինչեւ նրա մարմինը աստիճանաբար մաթեմատիկական կետի պես մի բան էր դառնում, ներքեւում մնացածներն օրորեցին իրենց գլուխները, քրքջացին ու ետ դարձան իրենց լոբուն ու ոսկե ձկնիկներին:

Անգլերենից թարգմանությունը` Արտաշես Էմինի

3 thoughts on “Արդիական /կարդալու/ Ջեյմս Սոնդերս «Պատից այն կողմ»

  1. Ծանուցում՝ Պատից այն կողմ – Աննա Հարությունյան

  2. Ծանուցում՝ Ջեյմս Սոնդերս «Պատից այն կողմ» – Միլենա Քամալյան

  3. Ծանուցում՝ Ջեյմս Սոնդերս — Անահիտ Հովսեփյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.