
- Փոքր Մհերը և Զատիկը (հատված «Սասունցի Դավիթ» էպոսից)
- Թմկաբերդի առումը՝ Հովհաննես Թումանյան
- Կարոս խաչ(վիպերգ)
Օր՝ ապրիլի 26
Վայր՝ Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ
Բովանդակության պատասխանատուներ՝
Քնարիկ Ներսիսյան, Հասմիկ Մաթևոսյան, Քրիստինե Շահբազյան
Ծրագրում՝
ԵՐԳ 1
Զատկի ավանդություններ ու զրույցներ
Փոքր Մհերը և Զատիկը
/Հատված Սասունցի Դավիթ էպոսից/
*****
Տարին երեք անգամ
Մհերի քարի դուռը կըբացվի, Մեկ անգամ՝ Զատկին
Մեկ անգամ՝ Վարդևորին
Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։
Քար որ կաբացվի,
Մհեր դուրս կէլնի,
Մեկ ժամ կէրթա,
Մեկ ժամ կդառնա։
Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,
Քառսուն օր վեր քարերուն կէրթա,
Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխընդկի,
Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։
Կասեն մեկ օր, Զատկի առավոտ
Մի աման հավկիթ ներկած,
Մեր կտա աղջկա ձեռ,
Թե՝ «Տար մեր քավորի տուն
Քավորին հավ-ճիվ չկա»։
Աղջիկ հավկիթ կառնի, կէրթա։
Էդ վախտ Ագռավու քար կբացվի,
Մհեր քարից դուրս կէլնի,
Որ պըտըտի աշխարհք,
Աղջիկ կտեսնի, կկայնի, կասի,
-Աղջիկ ջան, էդ ի՞նչ կըտանես։
Աղջիկ կասի, -էդ հավկիթ է ներկած։
-Բա ո՞ւր կտանես։
Կըտանեմ մեր քավորի տուն։
Մհեր կասի- Դե․ ձեր քավոր ես եմ;
Բե՛ր, աղջիկ ջան, բե՛ր ինձ տուր։
Աղջիկ ամանով հավկիթ կտա Մհերին,
Մհեր կտանի հավկիթ կըդադարկի,
Մեկ բուռ ոսկի կըլցնի ամանի մեջ, կասի
-Էս էլ տուր սանամոր խալաթ։
Աղջիկ կառնի, ուրախ-ուրախ գըկա։
Իրա մամ կասի․
Աղջիկ էդ ո՞ւր տարար էդպես շուտ։
Թե-Ա՜յ մամ տարա քավորի տուն, էկա
Հլա տես, ի՞նչ է տվե մեր քավոր։
Մամ կընայի, կտեսնի ոսկի է
-Աղջի,- կասի,- քավոր մեզնից բեթար աղքատ է
Ոսկի որդուց, որ լցե աման։
Կըմնա, մարդ կիգա տուն։
-Ա՜յ, մարդ, -կասի, -էսպես աջեբ բան։
Մի քսան հավկիթ դիր ամանի մեջ,
Տվի աղջկան, ասի՝ տար քավորի ոտւն, արի,
Մեխկ են հավ-ճիվ չունեն․
Զատիկ է, տար, էրեխեք թող ուտեն։
Տարեր է, չեմ գիտի ում է տվե,
Ամանը ոսկով լի դարձեր է,
Չէ՛, քավոր մեզնից բեթար աղքատ է
Էդ ոսկիք ո՞վ է ճամփե։
-Աղջիկ ջան, -կասի հեր,-
Դու էդ ոսկին, որ բերիր,
Հիմի էդ տեղ գիտես դո՞ւ։
-Գիտեմ, ընչի չգիտեմ,-կասի աղջիկ,-
Այ, էնտեղ մի քար կա, էնտեղ է,
Արիր էրթանք, շանց տամ։
Հեր կասի, -Հլա էրթանք, տեսնանք։
Աղջիկ, հեր, մեր կէլնեն, կէրթան,
Կէրթան կհասնեն Ագռավու քար։
Աղջիկ կասի, -Մեր քավոր էս քար դուռ կայնուկ էր,
Ինձ ասաց, «Ո՞ւր կէրթաս»,
Ասացի՝ կէրթամ մեր քավորի տուն։
«Աղջիկ ջան, էդ ի՞նչ է» ասաց․
«Էս հավկիթ է,-ասացի,
Կտանեմ մեր քավորի տուն»։
«Բա ձեր քավոր ես եմ-ասաց,-
Բե՛ր աղջիկ ջան, բե;ր ինձ տուր»։
Հավկիթ ամանով առավ,
Կես կերավ, կճեպներ հլա ընկած են,
Ներս մտավ, կես դատարկեց,
Ոսկի լցրեց, տվեց ինձ ասաց․
«Էս էլ տար մեր սանամոր խալաթ»,
Ու ինք ներս մտավ քարի մեջ։
Հեր, մեր տեսան՝ քար դուռ փակ է
Դարձան, էկան իրենց տուն։
Կասեն, Մհեր, իր ձին մեջ են քարին,
Դեռ կենդանի են կայնուկ։
Ուրբաթե-ուրբաթ, կասեն ,
Ջուր կըգա, կաթի էդ քարեն,
Էդ քարի առջև կըթացվի,
Էդ Մհերի ձիու ջուրն է։
Քարի մոտեն նցնող ամեն ճամփորդ,
Ամեն ուրբաթ օր
Կլսի Քուռկիկ Ջալալու խրխնջոց։
Երգ 2
Թմկաբերդի առումը
4-5-րդ դասարանցիներ
Միասին
Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:
Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:
ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:
Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:
Միասին
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար:
— Հե՛յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՜կ, բերել եմ ես քու մահը,
Ի՛նչ ես թառել ամրոցում:
Մի՜ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՛տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան:
Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի:
Ու քառսուն օր, քառսուն գիշեր
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար:
Ձայնագրություն
Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին.
Գընա տե՜ս, ասավ, Թըմկա տիրուհուն,
Երգի՜ իմ սերը նըրա առաջին,
Պատմի՜ իմ փառքը ու գանձը անհուն:
Խոստացի նըրան իմ ոսկի գահը,
Խոստացի նըրան ամե՛ն, ամեն բան,
Ինչ որ կարող է խոստանալ Շահը,
Երկրակալ Շահը իր սիրած կընկան:
Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին.
Եվ վըրդովում են իր միտքը թաքուն
Դավաճան գործի ամոթը խորին
Եվ արքայական փառքն ու մեծություն…
Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,
Ա՜յ նազանի աննըման.
Նայի Շահի՛ն, իրեն զորքի՛ն,
Աշխարհքի տերն անսահման…
Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին
Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…
Ու դարձավ նա լո՛ւռ, դալո՛ւկ, մըտախո՛հ,
Ու քունը փախավ սիրուն աչքերից…
Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,
Ցերեկ է արել խավար գիշերը.
Հեղեղի նըման հոսում է գինին,
Ու քեֆ է անում Ջավախքի տերը:
Միասնական երգ գինու մասին
Ձայնագրություն
Ու հանգչում է Թըմուկ բերդը,
Պապանձում է ու մարում,
Հարբած, հոգնած տերն ու զորքը
Մըրափում են խավարում:
Միասին
Է՛յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի:
Չըլինի՞ թե հաղթահարված,
Ճարը հատած թըշնամին
Դավ է դընում մութն ու մեռած
Կես գիշերվա էս ժամին:
Վե՛ր կացեք, վե՛ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՛յ, զարթնեցե՛ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի:
Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ
Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,
Ավերակ բերդին, սև ամպի նըման,
Ծուխն ու թշնամին չոքել են ահա:
Հաղթության փառքով ու գինով հարբած
Քընած են բերդի և՜ զորքերն, և՜ տեր,
Ու հավիտյան էլ մընացին քնած,
Դավին անտեղյակ, ցավին անտարբեր:
Նըստած է Շահը. նըրա առաջին
Ահա իրիկվան քեֆի սեղանը.
Նայում է Շահը անտեր գահույքին,
Մտքովն անցնում է աշխարհքի բանը:
Միասին
Աշխարհքում հաստատ չըկա ոչ մի բան,
Ու մի՜ հավատալ երբեք ոչ մեկին.
Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթություն,
Ոչ սիրած կնկա տըված բաժակին…
Ձայնագրություն
Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՜ւր ինձ, մատնիչ սևաչյա.
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…
Աղջկա ձայն
— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…
Միասին
Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց ենք կենում… միայն անմահ
Գործն է խոսվում լավ ու վատ.
Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
Ու մարդ կերթա անարատ։
ԵՐԳ 3
Կարոս խաչ՝ վիպերգ
Ավետիս
Մեզ աւետիք, ձեզ աւետիք,
Շմոն խեծէ կապուտ քուռակ,
Մէջքն ա զարկէ պողպատ ուրագ,
Բըրչամ թորգէ բուրակ, բուրակ,
Սուրբ Կարապետ տայ ուր մուրազ,
Մի ձու տըւէք, ալէլուիա:
Կարոս խաչ
Օր շաբաթ օր, լուս կիրակի,
Խոտըղքեր մէջ դաշտին հաւաքուեցին ,
Կալկալէ խաչըմ շինեցին:
Չորս բոլորտիք խընձորեցին,
Թըզե թավով փաթըթեցին ,
Ծունկ չոքին առջև,
Մեկ-մեկ բերան աղօթեցին,
Տըվին ըզմեմեկել համբուրեցին,
Տարան դրին մեջ Կարոս հաւդին,
Գիշեր` լուս կըտեր Կարոս հաւդէն,
Ցերեկ` հով կաներ վըր գեղին:
……..
Գիշեր էկավ էրազ գեղի քահանին ,
Ըսաց` ձի տարէք դըրէք տաճարին ,
Գիշեր լուս կանեմ տաճարին,
Ցերեկ, հով կանեմ վըր գեղին:
Հատված
Մեկ շուն գըզիր կար մեջ գեղին,
Ուրացավ հայոց լույս հավատ,
Գընաց, ասաց Քուրդ Պարոնին.
«Խաչ մ’է ելեր հայոց ազգին,
Անուն դըրած Կարոս՝ խաչին,
Գիշեր լույս կըտա վեր տաճարին,
Ցերեկ հով կանե վեր աշխարհին.
Էն վայել չէ՛ հայոց ազգին,
Էն վայել է քո դիվանին,
Ակն ու գոհար քո խանումին,
Ցերեկ հով բըռնի քո բերդին,
Գիշեր լույս տա քո քաղաքին»։
Հատված
Խելք չընկավ Մահմադ, Ալին.
Գնացին, կայնան դուռ տաճարին,
Տաճարի դուռ ձին կապեցին,
Թափկով զարկին դուռ տաճարին,
Գնացին, մըտան մեջ տաճարին,
Ելան, կայնան բեման քարին,
Ձեռ ձըգեցին Կարոս խաչին։
Հատված
Կատղավ Ալին, կատղավ իր ձին,
Դարձավ, կերավ իր ձիու ցին.
Կատղավ Մահմադ, կատղավ իր ձին,
Ատամն առավ թևի կաշին,
Ինչպես կըտրի ձին իր գարին.
Լըցին մեջ մաղե խարարին,
Ուղարկեցին Քուրդ Պարոնին.
Խաբար տարան Քուրդ Պարոնին,
Կատղեր Մահմադ, կատղեր Ալին
Հատված
Զիղջն ընկավ սիրտ Քուրդ Պարոնին,
Ելավ, ընկավ վեր իր չոքին,
Ասաց. «Քառսուն կարաս ոսկի ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Ես կայնիմ մեջ իմ բերդին։
Քառսուն կըռվան գոմեշ ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Տըղեն կայնի օրորոցին:
Քառսուն անծին երինջ ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Խանում կայնի մեջ իր օդին։
Քառսուն ճյուղ կտիր ոչխար ունիմ,
Խոստում կանեմ Կարոս խաչին,
Իմ բերդ կայնի վեր իր հիմին։
Քառսուն գութան դաշտ կուբանի,
Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,
Ձին էլ կայնի մեջ ախոռին։
Քառսուն նախիր դաշտ կարածի,
Է՛ն էլ մատաղ Կարոս խաչին,
Կաթն էլ կայնի մեջ պըղընձին»։
Աստվածածնա պար