Հյուսիսային դպրոցի զարգացման ծրագիր 2019-2020

2019-2020


Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Հյուսիսային դպրոց-պարտեզը (այսուհետ՝ դպրոց-պարտեզ) կրթահամալիրի մասնաճյուղ է: Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված դպրոց-պարտեզ ուսումնական հաստատությունը նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդել է, որտեղ գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր, 5 տարեկանների ուսուցման, 1-4-րդ դասարաններ, 5-րդ դասարաններ, լրացուցիչ կրթության խմբեր։ Միջավայրը տարիների ընթացքում հեղինակային մշակմամբ առավելագույն հարմար է դարձել բոլոր տարիքների սաներին-սովորողներին՝ իր լաբորատորիաներով, սրահներով, բակ-պարտեզով, ուսումնական գույքով։ Այսպիսի մոդելը թույլ է տալիս համատեղել շահառուների՝պետություն, ծնող, կրթահամալիր, միջոցները Մասնաշենքում գործում է Հյուսիսային դպրոց-պարտեզը, Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոցը, Գեղարվեստի ուսումնական կենտրոնը: 2019-2020 թթ-ի ուսումնական-նյութական միջավայրի զարգացման ծրագրում նախատեսում ենք դպրոցի յոթ հրաշալիների ֆիքսում և դրանց զարգացմանը ուղղված նախաձեռնություններ և գործողություններ:

Կրթական պարտեզ-Ագարակ

Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում 2015 թ-ից սկսվեց բուռն աշխատանքներ ուղղված կրթական պարտեզին՝ կանաչ դպրոց ունենալուն։
Պուրակ-կածան-արահետ-բարձունք-արգելոցները պետք է դառնային և ամբողջացնեին ուսումնական գործունեությունների, նախագծերի կազմակերպման հարթակները և, երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ, առաջնորդեց դեպի այդ երազ-իրականությունը: Հենապատերին և ցանկապատերին փոխարինելու եկան կանաչ լանջերն ու բլուրները: Ցանկապատերի, հենապատերի հեռացման արդյունքում ծնվեցին նոր ճեմուղիներ, հեծանվաուղիներ, թեքահարթակներ, որոնք արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ կողմերը կապեցին իրար: Նախկինում անանցանելի այդ հատվածը հիմա առավելագույնս հարմար է հետիոտնի, հեծանվորդի, սայլակավոր մարդու համար: Կանաչ լանջեր, ապա ոռոգման ցանցի բարեկարգում, նորացում, որը մինչ այդ կիսատ էր կամ էլ սնվում էր միայն մի գծից: Բացի ոռոգման ցանցի ամբողջացումից, գործուն անդրադարձ եղավ ջրհորդաններին: Դրանք նորացվեցին և տեղադրվեցին այնպես, որ անձրևաջրերը նույնպես ուղղվեին դեպի լանջեր: Թեև այս ահռելի աշխատանքին, սակայն դեռ ունենք անելիքներ, որպեսզի Կրթական պարտեզը դառնա ամբողջական։ Նախատեսված են շենքի շուրջը բոլոր կողմերից վայրի բաղեղի, խողողի տնկիներ դնելու աշխատանքներ։ Այդ աշխատանքների արդյունքում, շենքը կծածկվի կանաչով, իսկ ոչ էսթետիկ պատերը կմնան կանաչի տակ։ Դպրոցի արևմտյան կողմը, հարավային դարավանդը, արևմուտք-հյուսիս անցումը, Քանդակի դպրոցի արևելյան մուտքը լրացնել խաղողի թառմաներով, տնկիներով։ Նշված աշխատանքները կիրականացնենք «Խաղողի գինու դպրոցը Հյուսիսում» նախագծի շրջանակում։ Վերը նշված նախագծի շրջանակում նաև սովորողները գրանցել են դպրոցի շուրջ, հարակից թաղերում վտանգված խաղողի թառմաները, դրանց վրա ամրացնելով հատուկ պատրաստված 《sos》 ուղերձներ և առել իրենց հոգածության ներքո։ Այժմ նախագծվում են աշխատանքներ՝ նշված թառմաների բարեկարգման համար։ Կրթական պարտեզի խորհրդանիշներից են շները՝ Ատին, նրա ձագուկը՝ Չառլին, ծովախոզուկները, ձկները։

Ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք, նկուղ

Հյուսիսային դպրոցում սովորողների, ուսուցիչների աշխատանքով տանիքները մաքրել-բարեկարգելը սկսել ենք։ Բոլոր տանիքները ազատված են ազբոշիֆերից և օգտագործվում են որպես ուսումնական հարթակներ՝ տարբեր նախագծային բովանդակություններով։ Տանիքները ստացել են անվանումներ, դրանք սովորողների կողմից անընդհատ լրացվում են, փոխվում են, ինչպես նաև սովորողները իրենց նախագծային մշակումներով այնտեղ տեղավորում են տարբեր բովանդակություններ։

Հարավարևելյան՝ «Դեպի լյառը Մասիս» տանիք

Հարավարևմտյան՝ «Դեպի լյառը Մասիս» տանիք

Կենտրոնական՝ «Դեպի լյառը Մասիս» թատրոն- տանիք

Տանիքների բարեկարգումը նախագծային առաջնահերթությունն է։ Սովորող-նախագծողների հետ /4-5-րդ դասարանցիներ/ փնտրվում, մշակվում են տանիքի բարեկարգման/ հատակի, անվտանգության, ներառականության/ նոր, մատչելի լուծումներ։ Սովորողների առաջարկներից են, որ տանիքները ունենան հետևյալ ֆունկցիաները՝

Մարզական տանիք՝ Զիփ լայն, լողավազան

Ժամանցի, վայելքի տանիք՝ Սրճարան «Դեպի լյառը Մասիս» կամ «Տիեզերք»

Դիտարան տանիք՝ Դեպի լյառը Մասիս, Աստղադիտումներ

Ջերմոց տանիք՝ Կանաչ տանիք

Տանիքներում նախատեսվում է նաև արևային էներգիայով հոսանքի և տաք ջրի ապահովման կայանների ստեղծում։  

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը (այսուհետ՝ դպրոց) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված կանոնադրությամբ։ Այն տեղակայված է Հյուսիսային դպրոցի շենքում՝ նկուղում։ Նկուղը հիմա բարեկարգման փուլում է, մասնավորապես՝ քանդակի, ոսկերչության, ճարտարապետության դիսցիպլինների նյութական միջավայրի մասով։

Դպրոցի ղեկավարը ժամանակակից հայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է, որ տարիներ շարունակ ապրել, ստեղծագործել է Իտալիայում՝ Ֆլորենցիայում ունի հայրենիքում մշակույթի զարգացման, մշակութային կրթության հեռահար ծրագրեր։ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող, կազմակերպվող, տարածվող հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրով դպրոցը շուրջտարի ծառայում է կրթահամալիրի տարատարիք սովորողներին, դասավանդողներին, կրթական փոխանակումների շրջանակում կրթահամալիր դիմած վերապատրաստվող դաստիարակների, դասավանդողների խմբերին։ Քանդակի դպրոցը, ինչպես կրթահամալիրի լրացուցիչ կրթության մյուս կենտրոնները, բաց է Երևանի, մոտակա բնակավայրերի սովորողների և մեծահասակների համար։ Դպրոցը ներառում է մի քանի դիսցիպլին՝ քանդակագործություն, խեցեգործություն, մետաղագործություն-ոսկերչություն, ճարտարապետություն։
Դպրոցի գործունեության խնդիրներ են նաև քանդակի, ոսկերչության, խեցեգործության ցուցահանդեսների, վարպետաց դասերի և բաց դասընթացների, պլեներների կազմակերպումը, որ նաև հեղինակային կրթական ծրագրի, տեխնոլոգիական հանրակրթության զարգացման ճանապարհ է։ Դպրոցը բաց է միջազգային կապերի համար։ Իտալացի գործընկերների հետ Վիգեն Ավետիսը նախաձեռնել է քանդակի ամենամյա ամառային միջազգային սիմպոզիումը, որի արդյունքները ուրիշ գեղագիտություն կմտցնեն կրթական պարտեզ։

Քանդակի դպրոցի նյութական միջավայրի զարգացում

  • Անհրաժեշտ է կառուցել դպրոցի ձուլարանը, որը նաև մոնումենտալ քանդակներ ստեղծելու հնարավորություն կտա։
  • Դպրոցին կից անհրաժեշտ է նաև բացօթյա հարթակ։ Դրա համար պետք է բարեկարգել քանդակի արվեստանոցի կից  տարածքը։
  • Բացօթյա դպրոցին, ձուլարանին կից անհրաժեշտ է կառուցել սանհանգույց, լվացարան։

Խաղողի գինու դպրոցը Հյուսիսում-Մառան թատրոնով

Կրթահամալիրում սովորողների, ուսուցիչների աշխատանքով մի քանի տարի է ինչ սկսել ենք նկուղների մաքրման -բարեկարգման աշխատանքները։ Դրանք ևս տարբեր փուլերում ծառայել են ուսումնական ամենատարբեր նախագծերի, կլոր սեղանների, գրական քննարկումների, թատերական ներկայացումների, ցուցահանդեսների հարթակներ։ Նյութական միջավայրը հիմա բարեկարգման փուլում է։ Նախագծի շրջանակում դպրոցը սովորողների և ուսուցիչների հետևողական և բարեխիղճ մասնակացությամբ ստեղծել է իր գինին՝ «Հյուսիսափայլը», որը առաջիկայում ևս մի մշակում անցնելուց հետո կշշլացվի։ Մառան թատրոնը այս պարագայում կդառնա համտեսարան իր մշակութային բովանդակությամբ։ Գինու համտես+գրական-թատերական-երաժշտական+գեղանկարչական լրացումով։ Նախագիծը որպես զարգացում կունենա սեփական խաղողի այգին, կախանի խաղողը և կախանի գինին։

Բաց արվեստանոց+արտադրությամբ ուսուցում
Ազդեցությունների ուսումնական հարթակ, միջավայր, լաբորատորիա։ Միջավայրը նախագծային ծնունդ է, որի զարգացումը նոր արվեստանոց աշխատարանն է՝ տեղակայված նկուղում։ Բաց արվեստանոցի ֆենոմենը այն է, որ լուծում է մի շարք խնդիրներ։ Այստեղ յուրաքանչյուրը դառնում է ստեղծող՝ ստեղծում է իր պատում-ցուցահանդեսը։ Բաց արվեստանոցը բոլորինն է՝ տարատարիք է, այստեղ զարգանում են տեխնոլոգիական, հաղորդակցական, համագործակցային հմտությունները և ստեղծագործական երևակայությունը։ Պերֆորմանս ցուցադրությունների, միասնական տեխնոլոգիական պլեներների, ցուցահանդեսների արդյունքում լավագույն աշխատանքները տեղադրվում են դպրոցի Ցուցասրահ կայքում, ապա նաև ներկայացվում են ցուցահանդես վաճառքի։ Սովորողները այսպիսի ուսումնական հարթակում յուրացնում են նյութական արժեք ստեղծելու, արտադրելու, վաստակելու հմտությունները։ Նախատեսվում է Բաց արվեստանոցին կից ստեղծել վաճառքի-ցուցադրության ստենդ։

Նախագծման լաբորատորիա

Լաբորատորիան տեղակայված է նկուղում։ Ներկայումս բարեկարգման փուլում է։ Լաբորատորիայում սովորողները փորձելու են ճարտարապետական իրենց առաջին քայլերը։ Ստեղծելու են նախագծեր, կրթական միջավայրին ուղղված մշակումներ, մակետներ։ Համագործակցելու են «Ճարտարապետական շաբաթ» նախագծի կազմակերպիչների, կամավորների հետ։

Ֆուտբոլի դաշտ

Թեև կրթական պարտեզի զարգացմանը, դպրոցը մինչ այժմ չունի ֆուտբոլի դաշտ։ Դպրոցից դեպի հարավ- արևելք, թիվ 93՝ քաղաքի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզին կից տարածքը սովորող-դասավանդողով նախատեսում ենք բարեկարգել, նախագծել, ապա քաղաքային իշխանությանը դիմել և ներկայացնել որպես սովորողների ֆուտբոլի դաշտ։

1 thought on “Հյուսիսային դպրոցի զարգացման ծրագիր 2019-2020

  1. Ծանուցում՝ 2018-2019 ուսումնական տարվա փաթեթներ | Հյուլե

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.