Որտեղից է սկսվում ինքնագնահատականը

Ինքնագնահատականը դա քո հայացքն է դեպի ներս։ 

Ի՞նչն է խոցում ինքնագնահատականը, հանգեցնում դրա անկմանը կամ դրա ձևավորման խափանմանը: Սովորաբար սա ծանր, սուր քննադատության, պահանջկոտության, մաքսիմալիստական մթնոլորտում ձևավորված անձին նկարագիրն է, կարճ ասած՝ ինքնաբավության բացակայություն, մշտապես չլքող անվստահություն, կասկածներ, ընդգծված վախ` ինքնուրույն ներկայանալու, գործելու,հասարակություն մտնելու։


Հասարակայնացման գործընթացը տեղի է ունենում անձերի և հաստատությունների օգնությամբ: Նրանք կոչվում են սոցիալականացման գործակալներ: Սոցիալիզացիայի գործակալը սոցիալական խումբ է, անհատական​​ կամ ինստիտուցիոնալ մարմին, որը կոչված է կրթելու, զարգացնելու, աշխարհայացք փոխանցելու։  Որքան էլ որ ընտանիքում է տեղի ունենում անձի հենքային դաստիարակությունը, կան նաև հասարակայնացման ինստիտուտներ, որոնք ազդում են սոցիալականացման գործընթացի վրա և ուղղում են այն: Դպրոցը սոցիալական հաստատություն է, որն անմիջականորեն պատասխանատու է անձին որոշակի տեղեկատվություն, հմտություններ, արժեքներ փոխանցելու համար։ Նշվածի հիմքում առանցքայինը անձի հոգեկերտվածքն է, բարեվարքությունը, ներքինը, ինքնավերաբերմունքը, ինքնաբավությունը, ինքնագնահատականը։

Ինքնագնահատականը մարդու` հասարակության մեջ սեփական գործունեության կարևորության, ինչպես նաև սեփական անձի և հույզերի, առանձնահատկությունների, արժանիքների ու թերությունների գնահատման մասին պատկերացումն է։ Ինքնագնահատականի գործառույթները.

  • կարգավորիչ, որի հիման վրա իրականանում է անձնային ընտրության խնդիրների լուծումը.
  • պաշտպանական, որն ապահովում է անձի համեմատական կայունությունն ու անկախությունը։

Ինքնագնահատականի ձևավորումը քննենք դպրոցական հարթակում, քանզի այն ձևավորման շա՜տ կարևոր փուլ է դպրոցահասակ տարիքում։

Ի՞նչ մեխանիզմներ կարող են խաթարել, վտանգել անձի բնականոն զարգացումը՝ վնասելով նրա հոգեկերտվածքը, խոցելով ինքնագնահատականը։ 

Ակնհայտ է, որ մանկավարժության հիմքում անձի զարգացումն է, հետաքրքրասիրությունը, հետազոտողի որակները, ինքնուրույնությունն ու ինքնաբավությունը, որն ի վերջո ամբողջանում է անհատի լիարժեք ինքնագնահատականով։ 

Տեսականորեն ինքնագնհատականը անձի կողմից ինքն իրեն տրվող գնահատականն է։ Առանց դրա առկայության դժվար է բարդ կյանքում ինքնակողմնորոշվել, ռեալիզացվել։ Առողջ ինքնագնահատականը ենթադրում է սեփական անձի նկատմամբ քննող վերաբերմունք, կյանքի ներկայացրած պահանջների և սեփական հնարավորությունների համեմատում, մոտիվացիա և սեփական ես-ի դրսևորումների գնահատում։

Հանրության մեջ կրթության և բարեվարքության որակի չափումը, այդ չափումների արդյունքների արտահայտումը միշտ աղմկոտ, վիճելի քննարկումների հիթ շքերթում են։ Մի կողմից՝ խորհրդային դպրոցից եկած ժառանգությունն է, որը հասարակության լայն շրջանակը շալակած տանում է, մյուս կողմից՝ անհատն է իր կրթական պատվերով, որը ասում է՝ մի՛ համեմատիր։ Գործելով կրթահամալիրում և՛ որպես դասավանդող, և՛ որպես Հյուսիսային դպրոց-պարտեզի ղեկավար, կարևորում եմ կրթահամալիրի որդեգրած գնահատման, ինքնագնահատման գործիքները և փորձում աշխատանքային թիմի հետ միասին դրանք կիրառել, զարգացնել, ավելացնել։

Որպես փորձ կներկայացնեմ, որ դասական գնահատումը, ընդունված ստանդարտները սպանում են սովորողի ուսումնառության մոտիվացիան, հանգեցնում ստելու կարողության ձևավորման, զրկում հետազոտելու, ինքնակրթության, իրար նման չլինելու հնարավորություններից։ 

Սնվելով հեղինակային կրթական ծրագրի տրամադրած, ստեղծած մանկավարժական զինանոցից՝ գնահատման արդյունքում ունենում ենք սովորողների ինքնուրույն, գիտակից հավաքանի։ Դժվարությունները գնահատման մասով երկու դեպքում են առաջանում․ երբ ծնողը սկսում է համեմատել իր անցած դպրոցի հետ, և երկրորդ՝ երբ սովորողը կրթահամալիր է տեղափոխվում այլ դպրոցից։ Բոլոր սովորողները չեն կարող ունենալ նույն վարքը, ուսումնական մասով՝ նույն գիտելիքները, կարողությունները, հմտությունները։ Ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին, ինչպե՞ս ներառել։ Նախագծային ուսուցումը՝ իր կրթական միջավայրով, գտնված է։ Հնարավորությունները շարունակ մեծանում են, սովորողներին ազատում բոլոր ճնշումներից, պարտադրանքի ձևերից։ Այս կրթական աշխարհում հայտնվելով՝ սովորողն արդեն ինքն է դառնում գնահատող։ Իր ձեռքին են երկու հրաշալի գործիք՝ ընտրությունը և գնահատումը։ Սրանցից չի կարելի զրկել սովորողներին։ Փոխանակ կենտրոնանալու սովորողների մոտ դատավորի դերով հանդես գալու և մատնացույց անելու վրա, թե ինչը չի կարելի, և ի՞նչն է, որ նրա մոտ չի ստացվում, անհրաժեշտ է ինքնագնահատման գործիքները և մանկավարժական միջավայրը հարստացնել նոր գործիքներով ու հնարավորություններով։

Օրինակ աշխատանքային փորձից․ X սովորողները ուսումնական ճամփորդության ժամանակ Մատենադարանում իրենց դրսևորել են ակտիվ, աղմկել են, չեն լսել աշխատակցի խոսքը։ Ի՞նչ անել հետո․․․․ պատժել՝ ծնող հրավիրել, զրկել ճամփորդելու հնարավորությունից։ Նշեմ նաև, որ նշված սովորողները չեն առանձնանում բարեվարքությամբ, բնութագրերը ուսուցիչների կողմից դրական չեն։ 

Ես գործեցի ճիշտ հակառակը՝ նշված սովորղներին առանձնացրեցի ողջ խմբից, և մասնակցեցինք մեկ այլ ճամփորդության։ Իհարկե, սովորողները զարմացած էին, քանի որ դասական առումով իրենք այլ գործողությունների ընթացք էին ակնկալում։ Նախ՝ ճամփորդությունը նրանց նվեր եղավ, իրենց վերագտնելու, ինքնագնահատելու հնարավորություն, և առիթ՝ երևույթը, մանկավարժությունը գնահատելու։ Ճամփորդությունը ներառման գործիք դարձավ, և սպասվող, ոչնչացնող հանդիմանության փոխարեն սովորողները ծանոթացան նաև այլ վարքի։ 

Ադեկվատ վարքը, բարեկրթությունը, հարգանքը, մտերմիկ զրույցը, գգվանքը սովորողին բերում են ներդաշնակության, գնահատանքի դաշտ, որը բացում է հավեսի, ստեղծականության երակները՝ ապահովելով բնական ինքնավստահություն։ Ոչ ադեկվատ վարքը հակառակ ազդեցություն է ունենում՝ շարունակ տանելով կոնֆլիկտի, նևրոտիկ վիճակի։ 

Լինում են դեպքեր, որ սովորողների հետ գրանցված անհանգստությունները չենք էլ փոխանցում ծնողներին, դրանք դիտարկում ենք՝ որպես մաքուր մանկավարժական խնդիրներ և սովորողների հետ լծվում դրանց լուծման ուղիները գտնելուն։

Մաքսիմալ ինքնաբավությունը ինքնագնահատականի բարձրագույն մակարդակն է։ 
Ինքնագիտակցության և ինքնաճանաչման խմորումների խնդիրը ոչ միայն նրանում է, որ սովորողը ինչ-որ բան իմանա իր մասին, այլև որպեսզի գնահատի իրկարողություններն ու հնարավորությունները։ Այս երկուսի ճիշտ հարաբերակցությամբ միայն կհաջողի: Ի վերջո, ամենակարևորը ինքդ քեզ հետ հաշտ ապրելն է՝ առանց վեճի․․․

Օգտագործված աղբյուրներ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.